«Մեր երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր: Հիմա տեղն ու ժամանակը չէ, որ մեկ առ մեկ նշեմ Հայաստանի քաղաքացիներիս` մեծամասնության, ամորֆ քաղաքացիական պահվածքը, քաղաքական գործիչների մեծամասնության տգիտությունն ու կոռումպացված լինելը, մտավորականների և արվեստագետների մեծամասնության ծախու հոգեբանությունը, ժողովրդի մեծամասնության հարմարվողականությունը: Բայց այսքանով հանդերձ, ժողովրդի առողջ և առաջադեմ միտքը հիմա արթուն է և խաղաղ անհնազանդության կոչ է անում, որին բացահայտ արձագանքել են տասնյակ հազարավոր հայեր Հայաստանում և աշխարհում: Վստահաբար հարյուր հազարավորները կողմ են իշխանափոխության, արմատական բարեփոխումների և ազգային զարթոնքի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրող, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանը:
Ապա պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչ լուծում է տեսնում՝ տիկին Համբարձումյանը հավելեց. «Հիմա, իմ կարծիքով, անհրաժեշտ է մի կողմ դնել իշխանականի ամբիցիաները և քայլ անել դեպի ժողովուրդը: Եթե այսպիսի հուժկու ընդվզում կա օրվա իշխանության դեմ, ուրեմն, սխալները, մեղքերը, հանցանքները շատ են, պետք է դժվար, թող որ նույնիսկ, անակնկալ, բայց խիզախ որոշում կայացնել և հրաժարվել իշխանությունից` հանուն Հայաստանի ներկայի ու ապագայի: Եկողները պարտավոր են դասեր քաղել, երեկվա կարող ուժերն ու այսօրվա առաջադեմ, արդարամիտ ուժերը ժողովել և սկսել կառուցել նոր Հայաստանը: Կարևորը` անցնցում, խաղաղ և ողջամիտ ճանապարհով: Պետք է սպասարկել միայն Հայաստանի և Արցախի շահերը: Միայն: Մենք կարող ենք, ես հավատում եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ