Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի համայնքում այսօր գրանցված միջադեպի ժամանակ, երբ մի խումբ բժշկական դիմակներով երիտասարդներ` զինված մահակներով եւ էլեկտրահարիչներով, հարձակվել են ցուցարարների վրա, նաեւ լրագրողներ եւ օպերատորներ են տուժել: «Երթի մասնակիցների մոտ խուճապ սկսվեց: Բղավում էին՝ «ժողովո՜ւրդ, հարձակվում են, փախեք»…տեսնենք՝ բժշկական դիմակներով քաղաքացիներ մահակներով հարձակվեցին մարդկանց վրա, քարեր նետեցին, էլեկտրահարիչներ գործի դրեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց միջադեպի ժամանակ տուժած «Շանթ» հ/ը լրագրող Արտակ Խուլյանը: Նրան էլեկտրահարել են, հարվածել գլխին, օպերատորը եւս էլեկտրահարվել է:
«Հատկանշական է, որ այդտեղ հինգ ոստիկան կար: Հարձակվածներից ոչ մեկին բերման չենթարկեցին: Չորս կողմից հարձակվել էին վրաս, մինչդեռ ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց: Քաղաքացիներին եւս չօգնեցին»,-նշեց Արտակ Խուլյանը: Տուժել է նաեւ Factor TV-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը:
Factor TV-ի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմակավորները բռունցքներով հարվածել են օպերատորին: «Մի քանի հարված հասցրել են գլխին, իսկ քարով հարվածել ձեռքին»,-ասաց Արեւիկ Սահակյանը: Հիշեցնենք, որ Էրեբունի համայնքում այսօր ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառման հետեւանքով եւս լրագրողներ են տուժել: Հանրապետության հրապարակում եւս գրանցվել է լրագրողի աշխատանքի խոչընդոտման դեպք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ