Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում գնահատական տալ հիշյալ ձերբակալություններին. Իրավունքի Եվրոպա միավորում

Ապրիլ 22,2018 21:58

Հայտարարություն վերջին օրերին Հայաստանում տեղի ունեվող հիմնարար իրավունքների խախտումների մասին

2018 թվականի ապրիլի 13-ից մեկնարկել են լայնածավալ հավաքներ ընդդեմ Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման, այնուհետև՝ նրա հրաժարականի պահանջով:

Հավաքները կրել են և շարունակում են կրել խաղաղ բնույթ և դրանց խաղաղ, առանց որևէ բռնության անցկացման անհրաժեշտության մասին պարբերաբար հայտարարել և կոչերով են հանդես եկել հավաքների կազմակերպիչները՝ նույնիսկ հավաքի մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքում (թե ոստիկանության, թե այլ տարրերի կողմից):

16.04.2018թ. ոստիկանության կողմից ոչ իրավաչափորեն հատուկ միջոցների կիրառման արդյունքում 46 խաղաղ ցուցարար տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, սակայն հավաքները շարունակել են կրել խաղաղ բնույթ:

16.04.2018թ. մինչ 21.04․2018թ. տարբեր օրերի ընթացքում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ավելի քան 500 ցուցարար: Հանրապետության տարբեր հատվածներից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 232 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ ենթարկվել են բռնությունների, ոչնչացվել է հավաքի բազմաթիվ մասնակիցների գույքը՝ այդ թվում ոստիկանության ծառայողների կողմից։ Ոստիկանության ծառայողների ներկայությամբ և անգործության պայմաններում քաղաքացիական հագուստով անձանց և որոշ հայտնի իշխանական օլիգարխների կողմից տեղի են ունեցել մի շարք բռնարարքներ։

22.04.2018թ. տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ըստ էության սպառնալիք պարունակող նախազգուշացում է ներկայացրել՝ ասելով. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք»:

Վերոնշյալ սպառնալիքից հետո ձերբակալվել են Ազգային Ժողովի պատգաավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունները՝ ակնհայտ է, որ հիշյալ իրադարձություններն անմիջականորեն փոխկապակցված են Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման հետ և դրանց պատվիրատուն Սերժ Սարգսյանն է:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության ուսումնասիրությունը ուղղակիորեն բացահայտում է ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուղիղ խախտումը, ինչը դուրս է դնում դատախազության գործողությունները սահմանադրական դաշտից, քանի որ հաղորդագրությամբ նշված ձերբակալված պատգամավորների գործողությունները կատարվել են սկսած ապրիլի 13-ից և նրանց ձերբակալումն անմիջականորեն առաջացած կասկածանքով ուղղակի սուտ է և իրական նպատակների քողարկում:

Իրավապաշտպան և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում գնահատական տալ հիշյալ ձերբակալություններին և հետապնդումներին՝ կանխելով դրանց զարգացումը, քանի որ դրանք ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ:

Փաստացի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին կոչ ենք անում վճռականություն դրսևորել և արձագանքել ՀՀ Սահմանադրության խախտման փաստի կապակցությամբ, որի պաշտպանն է հանդիսանում ինքը:

ՀՀ ոստիկանությանը, քննչական մարմիններին և դատախազությանը կոչ ենք անում գործել օրինականության շրջանակներում, ՀՀ Սահմանադրության ոգուն և տառին համապատասխան և չդառնալ ապօրինի հրամանների սպասարկու՝ այդպիսով քաղաքական իշխանության հետ մեկտեղ կիսելով պատասխանատվությունը։

Իրավունքի Եվրոպա միավորում հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30