Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը եւ շարժման առաջնորդները, հիշեցնենք, ձերբակալված են:
Նրա՝ հարթակ բարձրանալու եւ ելույթ ունենալու առիթը Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած «տգեղ միջադեպն» էր, երբ վերջինիս թույլ չտրվեց ելույթ ունենալ հարթակից, իսկ հավաքվածներն էլ սուլում էին եւ վանկարկում՝ «հե-ռա-ցիր»:
Աննա Հակոբյանը բացատրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները վերապահում ունեն Զարուհի Փոստանջյանի ելույթ ունենալու հետ կապված, քանի որ երբ քայլարշավը սկսվում էր, «մեր կողմից շատ սիրված» Զարուհի Փոստանջյանն իր հարցազրույցներում հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց միջադեպի համար, ասաց՝ սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, բոլորին ենք սիրում, ոչ ոքի չենք ասում ծախված եւ խնդրում ենք հակառակն էլ չասել. «Այստեղ այլեւս ծախված մարդիկ չկա: Այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում եւ կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն սերն ի՞նչ է»:
Նա հորդորեց՝ ի՞նչ է լինի այս օրերին՝ովքեր կձերբակալվեն, ովքեր ելույթ կունենան, ի սկզբանե հայտարարվածից ուղուց չշեղվեն եւ ոչ մի սանտիմետր: «Նախապես հայտարարված խաղաղ գործողությունները պիտի անենք այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Սերժ Սարգսյան, մենք ձեզ խնդրում ենք, շուտ արեք այդ բանը, չնայած մենք դեմ չենք՝ վայելում ենք այս վիճակը, դեմ չենք մի քանի օր էլ վայելել այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում: Դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում: Բայց կան կարեւոր խնդիրներ, դրանց մասին այստեղից հայտարարել է իմ ամուսինը: Հաճույքը՝ հաճույք, բայց դուք պետությունը մի վտանգեք, օր առաջ կատարեք ձեր քայլը եւ խաղաղ հեռացեք: Մարտի մեկ այս երկրում այլեւս չի լինելու, մարտի մեկով չսպառնաք»,- հայտարարեց Աննա Հակոբյանը՝ վանկարկելով՝ «Սերժիկ հեռացիր»:
Հավաքվածները մերթ ընդ մերթ վանկարկում էին «Նիկոլ,Նիկոլ», հետո, միացան «Սերժիկ հեռացիր» վանկարկմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ