«Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ ու ես ձեզ հետ եմ, որովհետեւ ինչ-որ էսօր ես կամ, էդ դուք եք ինձ սարքել, եւ ինչ ասեք՝ պիտի անեմ»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասան Սոս Ջանիբեկյանը: «Պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն, միանշանակ: Լավ ա լինելու»,- ասաց նա՝ կոչ անելով բոլոր արվեստագետներին, իր ընկերներին եւ գործընկերներին՝ անտարբեր չմնալ եւ միանալ շարժմանը:
Հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանն այս պայքարը համարում է քաղաքակրթությունների բախում: Ասում է՝ ուսանողները դուրս են եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ:
«Տարկետում լինելու է» ուսանողական շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն էլ կոչ արեց ուսանողներին՝ վաղվանից շարունակել դասադուլը: Ասաց՝ այս պայքարը նաեւ արժանապատվության համար պայքար է, մենք ազատ, անկախ երկրում պիտի ապրենք: Նա հորդորեց շարունակել խաղաղ անհնազանդությունը, չտրվել սադրանքների. «Ժողովուրդն ինքնակազմակերպվում է ամեն հատվածներում, մենք շատ մոտ ենք հաղթանակի: Եթե շարժման ակտիվ անդամներից որեւէ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ հեռանում ենք հաղթանակից»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ ասաց՝ Սերժ Սարգսյանը փախավ իր իսկ առաջարկած բանակցությունների սեղանից եւ ողջ օրվա ընթացքում ՀՀԿ-ական 6-րդ շարասյունը լծվել է ապացուցելու, որ խաղաղասեր եւ գրկաբաց Սերժ Սարգսյանի հետ ոչ ոք չի ցանկանում երկխոսել. «Այն մարդն, ով սեփական ժողովրդին սպառնում է, հրապարակայնորեն խոստովանում է, որ մարտի 1-ի միակ պատասխանատուն ինքն է, չի կարող մեկ րոպե անգամ մնալ իշխանության ղեկին: Բայց այդ գործընթացը պետք է լինի բացառապես քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայմաններում»:
Նա ծիծաղելի է համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ 8 տոկոս ձայն հավաքած մարդը չի կարող ուլտիմատումով խոսել: Սուրեն Պապիկյանի համար սա իրականությունից կտրված մարդու հայտարարություն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ