ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր:
Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան ազատությունից զրկելու հիմքերը, ինչպես նաև ստուգվել է բժշկական հետազոտության և նրա մյուս իրավունքների ապահովման վիճակը:
Դրանից բացի, այսօր Դավիթ Սանասարյանի խնդրանքով, Պաշտպանի աջակցությամբ, նրան է տրամադրվել ռադիո ընդունիչ: Դավիթ Սանասարյանի ձերբակալման մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել նաև նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի հետ:
Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում առանձնազրույց են ունեցել Արմեն Գրիգորյանի հետ: Ստուգվել են նրա պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի ձերբակալումից անմիջապես հետո այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին պատշաճ կերպով տեղեկացրել է նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը: Պաշտպանն անձամբ կապի մեջ է եղել փաստաբանի հետ և իր իրավասության սահմաններում աջակցություն ցուցաբերել փաստաբանին՝ Լևոն Բարսեղյանի ազատ արձակման հարցում:
Նշված բոլոր հարցերի կապակցությամբ բանավոր ընթացակարգով աշխատանքներից բացի իրավասու մարմիններին կհասցեագրվեն նաև համապատասխան գրություններ քրեական հետապնդման համապատասխան մարմիններին:
ՄԻՊ մամուլի հաղորդագրություն