Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են ևս 24 անձինք` անօրինական հավաքներին և զանգվածային  անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Ապրիլ 22,2018 18:58

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Այսպես, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված անձինք, անտեսելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները, ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից նշված օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող անօրինական հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` հավաքի մասնակիցները շարունակել են իրենց անօրինական գործողությունները. պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: Նշված զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն  Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:

Մեղադրյալներից Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30