«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց, որ երկու ժամից պետք է շարժվեն դեպի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:
«ԱԺ երրորդ խմբակցության ղեկավարին փողոցից գողացել են, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, Իմ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանում: Այսօրվա բանակցություններից հետո, որը պետք է կոնկրետ օրակարգի շուրջ լիներ, փաստացի իշխանությունը գնաց այս ուղով, որովհետեւ հասկանում է՝ փակուղում են: Մտածում են՝ շարժման լիդերներին չեզոքացնելով՝ շարժումը մարելու է, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրենք ընդհանրապես չեն տիրապետում իրավիճակին: Չեմ հասկանում՝ ինչպես է սրանից հետո Սերժ Սարգսյանը ղեկավարելու: Հիմա ունենք փաստ, որ ձերբակալված է շարժման ղեկավար կազմը, բայց քաղաքի տարբեր հատվածներում ինքնաբուխ հավաքներ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ ասաց, որ վարչապետ Սարգսյանն այսօրվա հանդիպմանը գալով՝ փորձեց ցույց տալ՝ ընդդիմությունն ու ժողովուրդը չի գնում բանակցության:
«Այսօր այն ինչ փորձեցին անել, չստացվեց: Նիկոլին, Սասունին, բռնելով փորձ արեցին այնպես անել, որ դուրս չգաք, այստեղ չլինեք: Ժողովուրդ, հեռու մնացեք ոստիկաններից, իշխանությունը այսօրվա հանդիպումից հետո չգիտի՝ ինչ անի, չեն հասկանում՝ ոնց կարելի է առանց ավտոբուսի, առանց մարդկանց վախեցնելու , առանց փող բաժանելու մարդկանց փողոց հանել: Հայաստանը երբեք այլեւս նույնը չի լինելու: Իրենք չեն գիտակցում դա, Սերժ Սարգսյանը կտրվել է , չի հասկանում՝ ինչ է կատարվում երկրում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ