Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաք Գյումրիում՝ փայտե խաչերով ու անեծքներով․ նույնիսկ երեխաներին գրկած՝ դուրս են եկել փողոց (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2018 15:56

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո՝ նախքան Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը, կենտրոնական շուկայում կանգնող գյումրեցի առևտրականները, որոնք այս օրերին չէին միացել հանրահավաքին, ոտքի կանգնեցին՝ փակելով կենտրոնական շուկան։ Կարճ ժամանակ անց նրանց միացան երիտասարդ ցուցարարներն ու գյումրեցի բազմաթիվ մտավորականներ՝ քանդակագործներ, դերասաններ, դասախոսներ։ Եթե մինչ այդ Գյումրու հանրահավաքները կարելի էր որակել որպես երիտասարդական, որոնց հավասարաչափ մասնակցում էին թե՛ ուսանողները և թե՛ բարձր դասԱրանների աշակերտները, այն վերածվեց համաքաղաքայինի։

Գյումրեցիները, նրանց մեջ կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք երեխաներին են գրկած փողոց են դուրս եկել,  սկսեցին երթ քաղաքի կենտրոնական փողոցներով, մեքենաների վարորդները կանգնեցին՝ ազդանշաններ միացնելով։ Ոստիկանները բախման մեջ մտան վարորդներից մեկի հետ, որը մեքենայից դուրս գալով՝ հորդորեց․ «Ձերբակալեք ինձ, ինչ վատ բան եմ արել»։ Բախումները սրանով չավարտվեցին, երբ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել տնտեսագետ Կարեն Պետրոսյանին, մի իրարանցում, քաշքշոց, ծեծկռտուք սկսվեց Վարդանանց հրապարակում։ Ցուցարարները պայքարեցին՝ թույլ չտալով նրան բերման ենթարկել։ Բերման ենթարկեցին  Տնտեսագիտական համալսարանի մեկ այլ դասախոսի՝ Ղարիբ Հարությունյանին։

Ցուցարարները, շարժվելով քաղաքի կենտրոնական հատվածներով, հորդորում էին խանութատերերին՝ փակել խանութներն ու իրենց միանալ։ Կարճ ժամանակ անց  որոշ գործարարներ ցուցարարների հետ էին։ «Հերիք եղավ , մենք լավ ապրել ենք ուզում, միայն ձեր հարկային քաղաքականությունը հերիք է, որ ոտքի կանգնենք»,-բացականչում էին նրանք։  «Ոստիկան միացի, առավոտ մի ոստիկանի մայր էր եկել շուկա, էնպես էր լացում, բողոքում այս կյանքից»,- բացականչում էր առևտրական մի կին։

«Սերժ, հեռացիր,  էլի, թող ապրենք էլի»,-հորդորում էր տարեց մի տղամարդ՝ հորդորելով լրագրողներին լավ նկարել իր դեմքը։ «Գյումրու թասիբով տղեք, ո՞ւր եք», -բացականչում էին ցուցարարները։

Կարճ ժամանակ անց նրանք շարժվեցին դեպի «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակ` պահանջելով հոգևորականներին միանալ իրենց։ Նրանց արձագանքին անմիջապես միացավ Տեր Փավստոս քահան Սարգսյանը, որը ժողովրդին ու ոստիկանությանը միասնական աղոթքի կանչեց ու միասնության կոչ արեց։ Նա ասաց, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին հրավիրել են Մայր Աթոռ, ժողովուրդը պահանջեց Սրբազանին անհապաղ թողնել, որ գա իր հոտին միանա։ Ցուցարարները խաչերով շարժվեցին դեպի Վարդանանց հրապարակ։ Այժմ շարունակվում է երթը։

Նշենք, որ  նեղսրտած առևտրականները երբեմն անեծքներ են հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30