«Սասուն-Տարոն» հայրենակցական միության հայտարարությունը
Բոլորս որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներ լիահույս էինք, որ այսօր կայացած հանդիպումը երկխոսության արդյունքում կտար ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Սակայն երկխոսությանը մասնակից կողմերից մեկի կողմից, ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, վերածվեց միակողմանի պահանջի թելադրանքի, ինչը ամենևին ողջամիտ երկխոսության և բանակցության երաշխիք չէր։
Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից երկխոսության գնալու քայլը կարծում ենք լավագույն հնարավորությունն էր փողոցի անհանգիստ և անհանդուրժողական կրքերը տեղափոխել քաղաքական և մարդկային սթափ բանակցության դաշտ։ Երկխոսության գնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը լավագույն երաշխիքն ու պատասխանատվության դրսևորումն են խուսափելու անկանխատեսելի գործողություններից և դրանց հետևանք անդառնալի կորուստներից։ Ցավոք դա համարժեք հավասարակշռությամբ ու պատասխանատվությամբ չընկալվեց։
Կարծում ենք դեռ ուշ չէ։ Դեռևս սպառված չեն քաղաքական լայնախոհության, շրջահայացության, իրավիճակի սթափ գնահատման, մեզ՝ հայերիս համար այնքան անցանկալի վնասումներից ու կորուստներից խուսափելու, կրքոտ և մինչև վերջ չտրամաբանված գործողություններից զերծ մնալու և վերջապես պատասխանատվության զգացողության մարդկային և քաղաքական կարողության ռեսուրսները։
Չմոռանանք, որ այսօրվա Հայաստանը կայացել է ազգային ազգագրական պայքարի ոգով ու զոհողություններով։ Չմոռանանք, որ այսօրվա պետականությունը նվաճել ենք պատերազմով, որի խրամատները դեռ հանգիստ չեն։ Չմոռանանք, որ այդ խրամատների զենքը լիցքավորել է նաև մեր համազգային միաբանությունն ու ներքին խաղաղությունը։ Չենք շահարկում ու պատրվակում։ Առջևում ապրիլի 24-ն է։ Մեզ բոլորիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տանելու կորստյան ցավի և ապրելու խորհուրդը։ Ուրեմն փողոցի մեր կրքերով ու աղմուկով չջերմացնենք Արցախից քայլ այն կողմ թշնամու խրամատները, խուսափենք անդառնալի կորուստներից, քանզի բոլորիս համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու անվնաս կյանքը։
Կոչ ենք անում քաղաքացիների երթերն ու գործողությունները առաջնորդող քաղաքական ու հասարակական գործիչներին և հատկապես ՀՀ ԱԺ պատգամավորներին, զերծ մնալ հակաիրավական և անկառավարելի գործողություններից, չխաթարել երկրի մարդկանց անդորրը, չվնասել երկրի սահմանադրական կարգը և պետության հեղինակությունը, գիտակցել իրենց հետևող յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվության բեռը։
«Սասուն-Տարոն» հայրենակցական միության խորհուրդ