ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով ժամ առաջ սկսել երկխոսություն: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հարգելով միտինգներին և ցույցերին մասնակցելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ մենք գտնում ենք, որ դրանք պետք է իրականացվեն սահմանադրական կարգի շրջանակում և չպետք է խանգարեն այլ քաղաքացիների իրավունքների իրացմանը:
Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք կարող են մեծ հարված հասցնել մեր երկրի վարկին, հեղինակությանը և անվտանգությանը: Մենք կոչ ենք անում ժամ առաջ սկսել երկխոսությունը՝ ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղ հանգուցալուծման համար: