Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը վերահաստատում է իր դիրքորոշումը վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ցույցերի արդարացի բնույթ ունենալու վերաբերյալ:
Հայաստանում տիրող իրավիճակի պատասխանատուն օրվա իշխանություններն են, որոնց լուռ համաձայնությամբ տարիներ շարունակ տեղի ունեցող ամենաթողությունը, օլիգարխիայի սերտաճումը պետական համակարգին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպտագույն խախտումները բերեցին հարյուր հազարավոր քաղաքացիների հայրենազրկմանն ու այսօրվա խիստ լարված քաղաքական իրադրությանը:
Ցավոք առավոտյան սկսված ու ձախողված բանակցությունների պատասխանը իշխանությունները տվեցին փողոցներում քաղաքացիներին ահաբեկելով, ծեծելով ու ապօրինաբար խաղաղ ցույցի մասնակիցներին բերման ենթարկելով: Մտահոգիչ ենք համարում հատկապես ԱԺ պատգամավորների բերման ենթարկումը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները, քաղաքական հետապնդումների ալիքը և ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:
Միևնույն ժամանակ անդառնալի հետևանքներից խուսափելու համար ցուցարարներին կոչ ենք անում սադրանքների չտրվել, պահպանել խաղաղ ցույցերի տրամաբանությունը:
ՍԴՀԿ Հայաստանի Վարչություն