Հանրապետության հրապարակում ցուցարար կանայք անպատվում են ոստիկաններին, ամոթանք տալիս: Որոշ կանայք եկել են մանկահասակ երեխաներով, ոստիկանությունը հորդորում է հեռացնել նրանց կամ անցնել իրենց հետնամասը՝ անվտանգ տեղ:
«Տիկին, ձեզ մի քիչ հայ կնոջ պես պահեք»,- հորդորեց ոստիկաններից մեկը: «Դու էլ քեզ հայ տղու պես պահիր»,- պատասխանեց ցուցարարը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը նրան բերման ենթարկելուց հետո եռապատկվել է: Ցուցարարները քաղաքապետարանի մոտ որոշեցին առայժմ շարժվել դեպի Հաղթանակ կամուրջ, մինչեւ պատգամավորներին բերման ենթարկելուց հետո 3 ժամը լրանա, հասկանան ինչ պետք է անեն:
Արարատ Միրզոյանի կինը տեղեկացրել է, որ ամուսինը Շենգավիթ ոստիկանությունում է, իսկ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ