Ցուցարարների մի մասը ոստիկանության բաժանմունքների մոտ է, որտեղ փորձում են տեղեկություններ ստանալ բերման ենթարկվածներից: Մի խումբ ցուցարարներ էլ կառավարության շենքի մոտ են՝ Հանրապետության հրապարակում: Իսկ երթի մասնակիցները հոգեւորականների առաջնորդությամբ շարժվում են Արշակունյաց պողոտայով: Կառավարության շենքի առջեւ ուժեղացված հսկողություն է, դիմակավորված ոստիկաններն են խմբված, այստեղ է նաեւ Վալերի Օսիպյանը:
Քիչ առաջ նա «Ազատության» լրագրողի հարցին, թե ի՞նչ կասեք կիրառված հատուկ միջոցների, բռնի ուժի մասին՝ պատասխանեց. «Դեմ ենք, ոստիկանությունը դեմ է բռնի ուժին»:
Ոստիկանությունը հրապարակում կարծես պատրաստվում է ինչ-որ գործողություն իրականացնել, թույլ չտալ հավաքվել, ուժերը կենտրոնացնում է հրապարակում: Ոստիկաններից մեկը գետնին շպրտեց «Ազատության» լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը: Նա դիմակավորված էր: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները փորձում խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Շատ վատ արեց, ցույց տվեք մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում: Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամեռաները չվնասվեն»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ