«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ։ Այսօր ևս «աշխատավորական» կոլեկտիվները, իշխանական կերակրատաշտակից օգտվող տարատեսակ միավորումներն ու այսպես կոչված մտավորականներ, այս կամ այն «հայտնի» ու անհայտ գործիչներ, հանրապետական բանդան և նրան սպասարկող ու «ընդդիմադիր» կուսակցությունները, ինչպես նաև «հոգևոր» առաջնորդները երկխոսության կոչերով են հանդես գալիս, որը այլ բան չէ քան աջակցություն Ս․ Սարգսյանին՝ հերթական անգամ մայրաքաղաքը վերածել ռազմադաշտի, ինչը նաև Ալիևի երազանքն է։
Ասվածի սաղմերն արդեն տեսանելի է, սկսել են մեկուսացնել շարժման ակտիվիստներին։ Ս․Սարգսյանը երկխոսության ու համերաշխության կոչ է անում՝ խոսելով անդառնալի կորուստների մասին, հիշատակելով մարտի 1-ը, փորձելով ահաբեկել ժողովրդին։ Միաժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանները քրեածին խուժանի, օլիգարխների բանդաների, ներգրավվելով գյուղապետերի, վարչական ու պետական համակարգի աշխատակիցներին, դուրս են բերում փողոց, կազմակերպում սադրանքներ, ինչը հղի է վերածվելու քաղաքացիական բախումների՝ իր բոլոր կործանարար հետևանքներով»:
ԺՀԿ-ն դատապարտում է ժողովրդի դեմ բռնությունների կիրառման ցանկացած դրսևորում, հատկապես երիտասարդության, որոնք մեր երկրի անվտանգության երաշխավորն են, ինչի վկայությունն է 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմը։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը սթափության կոչ է անում՝ «Չգնալ ազգադավ պետականակործան քայլերի, սկսել երկխոսություն՝ իշխանությունը ժողովրդին հանձնելու օրակարգով»: