Մարիոթ հյուրանոցում, որտեղ քիչ առաջ երկխոսության էին եկել վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը շարունակեց ասուլիսը: Նա քաղաքացիներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները եւ այսօր ժամը 19-ին հանդիպել Հանրապետության հրապարակում:
«Մենք պայման ենք դրել, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, այսօր առավոտյան ինձ ասել են, թե թյուրըմբռնում է եղել, որ լրագրողները լինեն սկզբում եւ վերջում, մենք ասել ենք, որ ոչ, մեզ համար սկզբունքային է, որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ»:
Հարցին՝ արյունահեղությունը կանխելու համար ի՞նչ ուղիներ եք տեսնում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ իրավական հիմքով. «Ըստ Հավաքների ազատության մասին օրենքի, եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմանում պարտավոր է աջակցել օրենքին: Այնպես որ, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն: Մարտի մեկից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել եւ, ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»:
Հարցին, թե կրկին կհանդիպի՞ Սերժ Սարգսյանի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից հրաժարվելու անցնցում, խաղաղ պայմանները, որ պահին կհամաձայնի Սերժ Սարգսյանը, այն պահին կհանդիպենք»:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը քայլերթով գնում է Էրեբունի համայնք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
այո, այո… դու շատ քաջ ես, հաստատ
«վախացնելու» հարց չկայ, պարզապէս մեծ համբերութեամբ առիթ են տալիս որ, այս անգամ եւս, ինչպէս տասը տարի առաջ, քո պատճառով, հայի արիւն դարձեալ չհոսի հայ հողի վրայ
չնայած, անկէ ի վեր աւելի վարպետ են դարձել (դու ել, ի դէպ…), կարող է որ վիրաւորներ լինեն, սակայն ոչ մեռնողներ
ամէն դէպքում՝ մեղքը քո վզին