Հայտարարություն
Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 21-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ համահայկական մեծ ընդվզման շրջանակներում ընդդեմ բռնակալության Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացրեց քաղաքացիական խաղաղ և անզեն անհնազանդության երթ և հավաք։
Երթին ուղեկցվող ոստիկանները պարբերաբար խոչընդոտում էին երթի ընթացքը։
Երթն ավարտվեց Կապանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած հավաքով, որտեղ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներին մոտեցան շուրջ հարյուր հոգի, ովքեր, ըստ ներկա կապանցիների հավաստիացումների, հանդիսանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ։
Նրանք մոտեցան հավաքի մասնակիցներին և ակնհայտորեն լինելով ուղղորդված՝ սկսեցին սադրել և հրահրել բախումներ, որի ընթացքում հասցրեցին հափշտակել «Երկիր Ծիրանի» կուսակցության «Ընդվզի՛ր» հայտնի պաստառը և այն նետեցին գետը։
Ակնհայտ է, որ համահայկական մեծ ընդվզումը, որը կրում է ցանցային բնույթ և ընդգրկել է ՀՀ բոլոր մարզերը, ներկայումս մտել է այնպիսի մի շրջադարձային փուլ, որ ոստիկանության ուժերն այլևս չեն բավարարում խաղաղ ցույցերը ճնշելու համար։
Որպես լրացուցիչ ուժ բռնատիրական համակարգը սկսել է օգտագործել մեկ այլ հենասյուն՝ քրեաօլիգարխիայի պատժիչ խմբավորումներ, որոնք հայտնվել են ոչ միայն Երևանի փողոցներում, այլ նաև ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում՝ Կապանում։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին բոլշևիկի վերջին հույսը Կապանում, չնայած պատժիչ ռեսուրսի օգտագործմանը, եղավ ապարդյուն, քանի որ ժողովուրդը ոտքի կանգնած էր և համախմբված, ինչը ստիպեց նրանց նահանջել։
Այլևս ակնհայտ է, որ համահայկական մեծ ընդվզումն ընդդեմ բռնակալության ընդգրկել է Հայաստանի Հանրապետության հարավը և հյուսիսը՝ Կապանը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Իջևանը և այլ քաղաքներ։
Այժմ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրատապ և օրակարգային խնդիր է համարում մայրաքաղաք Երևանի մոտակա քաղաքներից և գյուղերից քաղաքացիների՝ զանգվածային, խաղաղ և անզեն շարժը իրենց քաղաքներից դեպի Երևան՝ վնասազերծելու Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ խմբավորմանը: Միևնույն ժամանակ` Կապանը, Քաջարանը, Մեղրին, Գորիսը, Սիսիանը պետք է շարունակեն ընդվզումը տեղում՝ փակելով միջպետական ճանապարհը հարավում, իսկ հյուսիսում Գյումրին և Վանաձորը, շարունակելով ընդվզումը տեղում՝ փակեն դեպի Վրաստան գնացող հյուսիսային միջպետական ճանապարհը։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ, պաշարել Երևանի փողոցները ընդհուպ մինչև ապրիլի 25-ը` թույլ չտալու Սերժ և Ռիտա Սարգսյաններին, Արմեն և Նունե Սարգսյաններին և ՀՀԿ խմբավորման անդամներին` մոտենալու և իրենց ներկայությամբ անարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։
Կից ներկայացվում են հետևյալ հղումները:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
21 ապրիլի 2018