Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Շիրակի մարզում վիճակը հանգիստ է և վերահսկելի։
-Ես պարբերաբար, մենակ՝ առանց ուղեկցողների, առանց թիկնապահների, անզեն, մարզպետարանի մեքենայով քաղաքում և երբեմն էլ քաղաքից դուրս շրջում եմ։ Հիմա շատ զարմանալի է, որ ես գալիս եմ մարզպետարան, միացնում եմ համակարգիչը և գրված է, որ քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները փակ են, այն դեպքում եթե ոչ բոլոր, ապա կենտրոնական փողոցներից մի քանիսով ինքս մեքենայով եկել եմ, որոշ մասով էլ ուղղակի ոտքով եմ քայլել։ Մարզի վիճակի մասին կասեմ հետևյալը՝ այսօր մինչև ժամը 18․00-ն ունեցել ենք մի քանի խնդիր, առաջինը եղել է Մեծ Մանթաշի և Փոքր Մանթաշի միջև գտնվող խաչմերուկում ճանապարհ փակելը, որը հիմա բաց է։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ փակ էր, շրջանցիկ ճանապարհներով երթևեկությունը բաց է եղել։ Եվ մի քիչ ավելի ուշ եղել է Սառնաղբյուրի ճանապարհի փակելը, որովհետև այդ երիտասարդը, որը երեկ բերման է ենթարկվել, Սառնաղբյուր գյուղի բնակիչ է եղել։ Ոստիկանության, համայնքի ղեկավարի հետ աշխատանքի շնորհիվ ճանապարհը բաց է։
Չեմ կարող ասել միջադեպ, բայց մի փոքրիկ խնդիր է եղել Շառլ Ազնավուրի արձանի մոտ, երբ որոշ մարդիկ, ես անունները չգիտեմ, դրա համար եմ ասում որոշ մարդիկ, մեքենաները թողել են, ասել են փչացել է, բայց էլի մի քանի րոպե ընթացքում ճանապարհը բացվել է։ Երեկ էլ խնդիր է եղել, Լուսաղբյուրի մոտ է ճանապարհը փակ եղել, բայց եթե վերցնենք մասնակիցների քանակը, մարզում մենք մոտ 200 հազարից ավելի բնակչություն ունենք և ես չեմ զարմանա, չեմ էլ ժխտի, որ մի քանի տասնյակ կամ լավ թող 100, 200 հոգի լինեն, որոնք նման ակցիաներ են կազմակերպում, բայց դա չի նշանակում, որ մարզում գործադուլ է, դասադուլ է։ Այսինքն՝ մենք մարզում ունենք 30 հազար աշակերտություն, մոտ 3 հազար ուսանող և 1000-ին մոտ քոլեջների և ուսումնարանների ուսանողներ, ես չեմ բացառում, որ 100-150 հոգի, չնայած շատ մեծ եմ վերցնում, կարող են դասերի չնստեն, մասնակցեն քայլերթերին։ Բայց եթե 30 հազարից 150 հոգի դասի չի գալիս, դա չի նշանակում, որ դպրոցներում դասադուլ է, բուհերում դասադուլ է։ Ցավոք սրտի, ձեռնարկություններ էլ շատ չունենք։
-Պարոն մարզպետ, Դուք այն եզակի պաշտոնյաներից եք, որն այս օրերին ցուցարարների կոչով անմիջապես դուրս է գալիս մարզպետարանի շենքից՝ նրանց հետ հանդիպելու, զրուցելու, պահանջները լսելու։ Դուք հանդիպե՞լ եք ճանապարհները փակած գյուղերի բնակիչների հետ, հարցրե՞լ եք՝ ո՞րն է նրանց պահանջը, ինչո՞ւ են դուրս եկել փողոց՝ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառո՞վ են իշխանափոխություն ուզում, թե՞ ասենք կան մարդիկ, որոնք ուղղակի Նիկոլ Փաշինյանի համակիրներն են։
-Չեմ ուզում կատեգորիկ պատասխանել, փողոց փակողներին հանդիպել եմ Գյումրիում, մարզի որոշ գյուղերում չեմ հանդիպել, Սառնաղբյուրում կապված էր իրենց գյուղացու հետ, որին բերման են ենթարկել, չգիտեմ նույնիսկ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ չէ։ Մանթաշում և Լուսաղբյուրում գոնե գյուղացիներից բացի ուրիշ մարդիկ են եղել Գյումրիից գնացած, կան ծնունդով շիրակցիներ, որոնք որոշ ժամանակ ապրում են ոչ Շիրակում, վերադարձել են։ Քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում մարզում, մարդիկ քաղաքական պրոցեսներին մասնակցում են։ Թե հիմա ինչ դրդապատճառներով են մասնակցում, իհարկե, մասնակիցների մեծամասնությունն ունի խնդիրներ, որևէ մեկը չի ժխտում, որ կան լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ, ոչ ոք չի ժխտում, որ ունենք տնտեսական արժեքի ոչ արդար բաշխում հասարակության անդամների միջև։ Երբ իրավիճակը շիկանում է, յուրաքանչյուր մարդ հիշում է իր պրոբլեմները և իր պրոբլեմից դրդված է գալիս։ Մասնավորապես այն կինը՝ Քրիստինե Հովակիմի Վարդանյանը, որը եկել էր մարզպետարանի դիմաց ու ուզում էր մարզպետի հետ խոսել, ինքն ունի խնդիրներ։ Ի դեպ, ես իրեն հրավիրել էի ուրբաթ օրը ժամը 15․00-ին մարզպետարան, չեկավ, Երևանում է գտնվել, բայց հրավերքը դեռևս ուժի մեջ է։ Այսինքն՝ այս դժգոհության դրսևորումները նրանից են գալիս, որ կան օբյեկտիվ դժվարություններ։ Մենք խոսում ենք տնտեսական աճի մասին, բայց չենք խոսում ներառական տնտեսական աճի մասին, չենք խոսում տնտեսական արդյունքի արդար բաշխման մասին, վերջիվերջո եթե ասում ենք՝ տնտեսությունն աճ է գրանցել, յուրաքանչյուր մարդ այդ աճը պետք է զգա իր սառնարանում և բացի սառնարանը, տեսնի որ այնտեղ մի քիչ երշիկ է ավելացել, կարագ է ավելացել։ Այսինքն՝ պետք է կարողանանք իրավիճակից դասեր քաղել, ինչ դժվարություններ կան, զտենք սադրանքները իրական դժգոհություններից և կարողանանք լուծել իրական խնդիրները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դրսևորումները։
-Սադրանքներից խոսեցիք, Գյումրիում սադրանքներ եղե՞լ են։
– Սադրանքներ հրահրողներ չեն կարող չլինել, եթե հարցնեք կոնկրետ ովքեր են, չեմ կարողանա պատասխանել, ես ասում եմ՝ հնարավոր չէ, որ սադրանքներ հրահրողներ չլինեն։ Նաև վստահ չեմ, որ Գյումրիում սադրանքներ եղել են։ Քաշքշուկներ եղել են, չեմ կարող ասել՝ ով է առաջինը քաշքշել, բայց Երևանում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում դեպքը, որ տեղի ունեցավ, պետք է հասկանանք, որ բացահայտ սադրանք է։ Ո՞վ է սադրանքը կազմակերպել, ի՞նչ նպատակով, պետք է զգոն լինել և դա է պատճառը, որ ես կոչ եմ արել երեխաներին հեռու պահել։ Ցանկացած ցույց ինքն ադրենալին է, ինքը սթրես է, երբ մի ոստիկան վազեց, մի կին գոռաց, հնարավոր է հասուն մարդը չկարողանա կողմնորոշվել, ուր մնաց 15-16 տարեկան երեխաները։ Ես ընդունում եմ, կան երեխայի իրավունքներ, կոնվենցիան կարդացել եմ, 11,12, 13 հոդվածները նայել եմ և ընդհանրապես մեծ մասն եմ կարդացել։ Բոլորս հասկանում ենք, դրա համար ես հորդորում եմ ծնողներին հեռու պահել քաղաքական զարգացումներից այն պատճառով, էլի եմ ասում, որ երեխան սթրեսի պատճառով չկարողանա ճիշտ կողմնորոշվել , մյուս կողմից էլ՝ չեմ ուզում, որ երեխան դառնա քաղաքական գործիք։
-Իսկ դպրոցները ո՞ւմ հրահանգով են փակ։
-Ես մինչ այժմ որևէ մի ծնողից, որևէ երեխայից չեմ ստացել բողոք, որ իր տեղաշարժի իրավունքը սահմանափակված է, ասում են, որ փակ են, բողոքներ կան, բայց որևէ բողոք ընդհանուր բաժին չի մուտքագրվել, որևէ մեկը չի բողոքել այն փաստից, որ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցը փակ է եղել։ Ծնողը երեխային բերում է դպրոց այն վստահությամբ, որ երեխան այնտեղ սովորում է, գիտելիք է ստանում, որ ինքն ապահով է, անվտանգ է երեխան։ Եվ դպրոցները պարտավոր են ապահովել երեխաների կրթությունն, անվտանգությունը և ապահովությունը, բայց կրկնում եմ ևս մեկ անգամ, այս պահի դրությամբ որևէ մի բողոք մարզպետարանը ընդհանուր բաժին չի ստացել այն փաստի կապակցությամբ, որ ինչ-որ երեխայի արգելել են տեղաշարժվել։ Եթե լինի, ամեն դեպքի համար մանրամասն առանձին կխոսենք, այս պահի դրությամբ բողոքներ չունենք, ընդհակառակը ունենք բողոքներ ծնողներից, որ երեխաներին տանում ենք դասի, գալիս, աղմկում են։ Մասնավորապես 2-րդ դպրոցը, որը հենց մեր դիմացն է, այնտեղ բացակայությունների քանակն ամենաշատն է, ծնողները երեխաներին չեն տանում, որովհետև մի քանի անգամ այդտեղով երթ է անցել։
– Ձեր կարծիքով ո՞րն է այս իրավիճակի լուծումը։
-Հակամարտող կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հասկանան, որոնք են կողմերի պահանջները, ինչ ընդհանրություններ կան, ինչ տարբերություններ կան, որպեսզի կարողանանք այս իրավիճակից ելք գտնենք։ 10 օր է՝ երկրում իրավիճակը խաթարված է, նորմալ հունից դուրս է եկել, ավելի երկար սա շարունակելը հղի է լուրջ անախորժություններով, որովհետև վերջիվերջո փողոցում մարդիկ են, 10-15 օր փողոցում մնալը կարող է էականորեն ազդել որոշում կայացնելու ունակության վրա։ Պետք է ուղղակի սթափվել,նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրավիճակից ելք որոնել, ինչպես որ մեր կուսակցությունը կոչ է արել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ