Գյումրիում այսօր ևս բազմամարդ բողոքի ցույց տեղի ունեցավ․ մեծ թվով երիտասարդներ Թատերական հրապարակից Գյումրու կենտրոնական փողոցներով քայլերթով շարժվեցին դեպի ծայրամասային Անի թաղամաս։ Ընթացքում նրանց էին միանում մեքենաների վարորդներն՝ ազդանշաններ տալով, երբեմն էլ մեքենայից ելնելով ու ձեռքերը թափահարելով, շենքերի պատուհաններից ևս մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում։
Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը երթից առաջ հայտարարեց, որ զորակցում են Սերժ Սարգսյանին։ Այս խոսքերը մի պահ տարօրինակ թվացին ցուցարարներին, մինչև որ բանախոսը պարզաբանեց՝ ինչ ի նկատի ունի։ «Քանի որ կան լուրջ ճնշումներ «Հանրապետական» կուսակցության կողմից անձի վրա, ճնշումներին չի դիմացել և ստիպված է եղել իր խոսքը դրժի, մենք մեր զորակցությունն ենք հայտնում, որ ինքը իր խոսքը պահի, և մեր զորակցության արդյունքում, իր խոսքի համաձայն՝ հրաժարական տա։ Եվ մենք կարողանանք հասկանալ, որ մեր երկրում ամեն մի հայ տղամարդ, որը որ խոսք է տալիս, ինքն իր խոսքը պահում է, պահում է՝ որպես հայ ազգի արժանապատիվ ներկայացուցիչ։ Երթը զորակցություն է, որպեսզի ամեն մարդ կարողանա իր խոսքին տեր կանգնի», -հայտարարեց նա։
Երբ ցուցարարները շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան՝ կոչ անելով Շիրակի մարզպետին միանալ իրենց, այստեղ դարձյալ հայտարարությամբ հանդես եկավ Կարեն Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ ուզում են ձերբակալել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Ցուցարարները պահանջեցին ազատ արձակել Լևոն Բարսեղյանին։
Պարզվեց նաև, որ հանրահավաքից րոպեներ առաջ Գյումրու կայարանամերձ հատվածից քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել Լևոն Բարսեղյանին, ցուցարարներից ոմանք նրան սկսել են փնտրել ոստիկանության տարբեր բաժանմունքներում, սակայն նա Գյումրու ոչ մի բաժանմունքում չի եղել։ Ցուցարարները Գյումրու ոստիկանության պաշտոնյաներից հետաքրքրվեցին, թե ո՞ւր է նա, պարզվեց, որ նրան տարել են մայրաքաղաք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ