Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ զրույցի մանրամասները

Ապրիլ 21,2018 21:42

«Իմ քայլը» նախաձեռնությունը բանակցելու միայն մեկ թեմա ունի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան Սերժ Սարգսյանը երկխոսության սեղանի շուրջ նստելու կոչ էր արել։ Ես լրագրողներին ասացի, որ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ ժողովուրդն այդ առաջարկի պատասխանը տվել է։ Որ հասանք հրապարակ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստակամ է հանդիպել։ Ես ասացի, որ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում:

Արմեն Սարգսյանն էլ է ասել, որ մտահոգված է իրավիճակով։ Ասացի՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված եւ գիտեն լուծումը, թե ինչպես փարատել մտահոգությունները։ Պարոն Սարգսյանը ասաց՝ հիմա ի՞նչ, խոսելու-բանակցելու կարիք չկա՞։ Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման եւ խաղաղ, եւ անցնցում փոխանցման պայմանները։ Ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- հանրահավաքի ժամանակ պատմեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ նախագահը հարցրել է՝ ինչ ձեւաչափով են պատկերացնում բանակցությունները. «Ասացի, քանի որ կոնֆլիկտի մաս չեք, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել Հանրապետության հրապարակ, որովհետեւ վստահ չեմ, որ իրավիճակը կկարողանանք վերահսկելի պահել։ Բնականաբար նման բանակցություն չի կարող տեղի ունենալ կառավարական որեւէ շենքում։ Բանակցությունը հնարավոր է որեւէ չեզոք վայրում, օրինակ «Մարիոթ» հյուրանոցում։

Եվ հստակ ասացի, որ գործընթացի  միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման օրակարգը։ Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արմեն Սարգսյանը հայտնել է՝ բռնությունների հետ կապված մտավախություններ ունի. «Ի՞նչ բռնությունների մասին է  խոսքը, ասացի։ Մեր շարժման անունից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ անդամ որեւէ բռնություն չի գործադրելու, եւ մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, եւ բացառում ենք որեւէ բռնության գործադրումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30