«Սերժ Սարգսյանի կողմից ինձ երկխոսության հրավիրելը վկայում է՝ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել հանրապետությունում ստեղծված վիճակը, չի հասկանում, որ երկրում վիճակը փոխվել է, իր իմացած Երեւանն այլեւս գոյություն չունի: Ես այսօր եղբայրական հորդորով դիմում եմ ոստիկանապետին, Պաշտպանության նախարարին, Ազգային անվտանգության պետին՝ գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ ինքը չի հասկանում, որ երկրում իշխանությունն արդեն փոխվել է, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել, որ իմ ձերբակալությամբ որեւէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու: Այն երաշխիքները, որ իմ՝ այստեղ լինելով գոյություն ունեն, իմ բացակայությամբ այդ երաշխիքները գոյություն չեն ունենալու: Եղբայրներ՝ պարոն Կուտոյան, պարոն Գասպարյան, պարոն Սարգսյան՝ Վիգեն, գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է , ավելի լավ է, որ նա հենց այսօր՝ այս երեկոյան, հրաժարական տա՝ առանց ավելորդությունների, որովհետեւ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ»,- Հանրապետության հրապարակում այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ ՆԻկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը խնդիրներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. «Պարոն Կուտոյան, դավաճանություն կլինի, եթե հենց այսօր Սերժ Սարգսյանին չներկայացնեք հնարավոր միակ լուծումը, ուրիշ տարբերակ չկա ուղղակի»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանությունները պայքարը մարելու մի քանի սցենար են մտածել, սկզբում մտածում էին՝ ցույցի մասնակիցներին բերման ենթարկեն, պայքարը կմարի: Հետո մտածեցին փշալար քաշեն, կմարի: Հետո մտածեցին՝ ավտո ջարդեն, կմարի: Հիմա էլ մտածում են՝ ինձ ձերբակալեն, պայքարը կմարի: Եթե նույնիսկ այսօր ձերբակալեք ու բերման ենթարկեք, միեւնույնն է՝ ԱԺ պետք է բերեք ինձ ու հատուկ նիստ անեք, ես լինելու եմ ԱԺ-ում ու հենց այդ օրը, երբ ԱԺ ամբիոնից ելույթ ունենամ, հենց այդ օրն է դառնալու ձեր վերջին օրը, որովհետեւ երբ այսօր փորձում էինք բերման ենթարկել ինձ, փակվեց Զվարթնոց օդանավակայանը, Մեղրու, Նոյեմբերյանի, Մասիվի ճանապարհները, Բագրատաշենի անցակետը: Սթափվեք, ժողովուրդ ջան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
պարզապէս չի ուզում գործի վերադառնալ… լուրջ, իրական, դժուար գործի… որքան աւելի հեշտ ու հաճելի է այս փողոցայինութիւնը, հա՞…