«Այսօր երկրի ողջ տարածքով՝ ամենաշատը Երեւանում, ոստիկանությունը գերազանցել է իրենց լիազորությունները եւ անցնելով օրենքի սահմանները բազմաթիվ ապօրինություններ են արել»,- Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Դուք կանգնել եք, ձեր մեքենաները ջարդել են ու ձեզ բերման են ենթարկել ապօրինաբար, բայց դուք շարունակել եք կանգնել, դուք հաղթել եք, այսօր է եղել հաղթանակը…. այս ամենը մեր ուզած ելքով ավարտվելու է մի քանի օրից»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն այսօր մի շարք երկրների դեսպանների հրավիրել է հանդիպման, ներկայացրել, որ մի խումբ ցուցարարներ անկարգություններ են իրականացնում, ինչի պատճառով ստիպված պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն. «Ուզում էր միջազգային հանրության դաբրոն ստանալ, բայց Սերժն այդ դաբրոն չի ստացել»:
Նա նաեւ հայտարարեց, որ այս օրերին ոստիկանների թույլ տված ապօրինությունների հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ շարունակեց՝ «ժամանակն է, որ նրանք հասկանան, որ այս երիտասարդությունը փողոց է դուրս եկել իր ազատության համար, սա մի նոր գարուն է Հայաստան ու Արցախ աշխարհի վրա, որի բույնը ժողովրդավարությունն է, թող սրանք չմտածեն, որ հայոց արգանդը չորացել է, այն մայրերը, որոնց որդիները զոհված են, այստեղ են ապրելու, բոլորս պետք է հասկանանք, որ մենք գոյատեւել ենք մեր նահատակներով, սրանց ուզում եմ ասել՝ ի սեր Աստծո առանց արյուն հեռացեք խաղաղությամբ, չեմ հասկանում՝ ինչպիսի պաշտոն պետք է լինի, որ բռնանա մի ամբողջ ազգի կամարտահայտության վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ