Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած հանրահավաքի ժամանակ նկարիչ Կարեն Արայանը (Անժելա Սարգսյանի գործով դատապարտվածը) ոստիկաններին կոչ արեց միանալ ժողովրդին:
«Դուք բոլորից հստակ գիտեք, որ ժողովրդի կողմն անցնելով ՝այդ քայլով մի քանի ժամում վերջ կդնեք տարիներով կուտակված խնդիրներին, արեք այդ քայլը ու կդառնանք հերոս, գոնե մի վայրկյան մտածեք՝ տասը տարի հետո ձեր ժառանգների համար որը լավ կլինի, որ այսօր մեզ կողմ եք, թե դեմ:
Ոստիկաններ, դուք ժողովրդից եք դուրս եկել, այստեղ ներկա ձեր հասակակիցների հետ բակում խաղացել եք, ձեր արյունը այս ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների:
Դուբինկեքով կամ շթերով ժողովրդի վրա դուրս գալով՝ ձեռք եք բարձրացնում ձեր նույն արմատից աճած ճյուղի վրա, դա դեմ է բնությանը, բնությանը դեմ մի գնացեք»:
Հանրահավաքի ժամանակ նաեւ հաղորդվեց, որ այսօր փակվել է Աշտարակի խճուղին, ցույցեր են եղել Սպիտակում, Արթիկում, Թալինում, Հրազդանում, Կապանում եւ այլ քաղաքներում, փակված է եղել նաեւ Բագրատաշենի անցակետը:
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ Գերմանիայի Թյուրինգիա մարզի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը: Նա պատմեց, որ իր մայրն ու սիրածս աղջիկը չէին ուզում, որ Հայաստան գար, բայց. «Ոնց կարայի չգայի, եթե հայրենիքս ու ազգս պայքարում է անարդարության դեմ… թալանչի իշխանության պատճառով եք երկիրը լքել, գիտեմ սպասում եք, որ երկիրը երկիր դառնա ու վերադառնաք, ես ասում եմ՝ մի սպասեք, որ իրավիճակը լավանա, հիմա վերադարձեք, երկիրը միասին ազատագրենք Սերժից»:
«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ հավաքվածներին կոչ արեց այսօրվանից չվճարել կոմունալները. «Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները: Այս հրապարակից կամ մեզնից ով վճարեց, վճարելու է այս բոլորի փոխարեն: Մի վճարեք ու նրանց շունչը մի քանի օրից կկտրվի: Ոչ գազին, ոչ էլեկտրաէներգիային, մի վճարեք նաեւ ակտերը:
Սերժ հանկարծ այս քանի օրը չմահանաս, չանես այդ բանը, որովհետեւ մինչեւ այստեղ զզվացրել ես, այս ժողովուրդը ասում է՝ հերիք է, բոլ է, ինչ արել ես, առանց արյուն, դուրս արի այդ շենքերից ու գնա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ