ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան, 2018, ապրիլի 21
Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը եւ այլ ակցիաները նոր թափ են հավաքում եւ ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա:
Բռնության են ենթարկվել նաեւ ակցիաները լուսաբանող լրագրողներ`մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, ում Արարատի մարզի մի քանի գյուղապետեր եւ նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել` հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, եւ Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը:
Շարունակվում են ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով:
Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել եւ մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երեւան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց եւ վնասել մեքենաները:
Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, ովքեր փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին:
Որոշ դեպքերում նման գործողությունները ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից /օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան եւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան/:
Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության եւ կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների եւ հալածանքների վրա:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը եւ կարող են հանգեցնել հակազդեցության եւ լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:
Հայ Ազգային Կոնգրես