Մաշտոցի պողոտայում ցուցարարների տարբեր խմբեր, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող ցուցարարները երթով միացան: Այնուհետեւ Ամիրյան փողոցով շարժվելով՝ երթի մասնակիցները մտան Հանրապետության հրապարակ, որտեղ շուտով տեղի է ունենալու հանրահավաքը:
Հրապարակում Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնք շրջափակել են Փաշինյանին: Փաշինյանը Օսիպյանին հարցրեց, թե այս ի՞նչ հաշիվ է, Օսիպյանը վստահեցրեց, որ անվտանգության համար է:
Փաշինյանն էլ տեղափոխվեց հրապարակի այլ հատված: Անկախ այսօր տարբեր ժամերին ոստիկանական ուժերի կիրառած գործողություններից, Հանրապետության հրապարակը բազմամարդ է:
Փաշինյանը ավելի ուշ մոտեցավ ոստիկաններին եւ ասաց, որ իրենց բոլոր գործողությունները լիազորված են ժողովրդի կողմից. «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա: Ձեր գործողություններն ունեն պրովոկացիոն նպատակ, հանձնարարել է, որ ինձ բռնե՞ք: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, որ ինձ բռնելու կամ բերման ենթարկելու փորձ անեք: Չկատարե՛ք այդ ապօրինի հրամանները, ես լուրջ եմ ասում»: Փաշինյանը, դիմելով ոստիկաններին՝ ասաց, որ որպես կրտսեր եղբայր է ասում, դուրս եկեք, գնացեք: Ոստիկաններն էլ, անսալով հորդորին՝ հեռացան: Ի նշան շնորհակալության՝ ցուցարարները բղավում էին՝ «Ա-շոտ, Ա-շոտ»:
Իսկ Արարատի մարզում վիճակը դեռ լարված է, գյուղացիները հիմա էլ փակել են Տափերական գյուղի հատվածը, ոստիկանները փորձում են բացել: Նրանք ասում են ցուցարարներին՝ մի խանգարեք, խանգարում եք, ցուցարարներից մեկն էլ սկսեց վիճել, թե՝ «Ինձ էլ Սերժն ա խանգարում, հանե՛ք դե»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ