Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար.նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (լուսանկարներ)

Ապրիլ 21,2018 18:20

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի  ժամանակ ոչնչացվել և վնասվել է տարածքում առկա հանրային գույքը՝ վտանգելով հասարակական անվտանգությունը։ Քննությամբ պարզվել է զանգվածային անկարգության մասնակիցներից երեքի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1986թ. ծնված Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը և 2000թ. ծնված Վ.Բարսեղյանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից 2018թ. ապրիլի 13-ից Երևան քաղաքում կազմակերպված հավաքներին և երթերին, տարբեր օրերի հավաքների մյուս մասնակիցների հետ արգելափակել  տարբեր փողոցներ՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:

Դեպքի օրը՝ 2018թ. ապրիլի 17-ին, Երևան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որին մասնակցել են նաև վերոնշված անձինք: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հավաքից հետո դրա մասնակիցները այն շարունակել են Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, նրանց թվում՝ Զ.Բաղդատյանը, Ռ.Մուրադյանը և Վ.Բարսեղյանը, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու և երթևեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:

Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթևեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել և վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին:

Նկարագրված զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակից Զ.Բաղդատյանը կոտրված նստարանի մետաղյա կտորով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին, մի խումբ անձանց հետ փորձել է տեղահան անել այն, այնուհետև քար և կոտրված նստարանի մետաղյա կտոր է նետել հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած «HYUNDAI» մակնիշի 437 II 02 հաշվառման համարանիշի ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ՝ կոտրելով դրա ապակին, իրական վտանգ ստեղծելով հիշյալ ավտոմեքենայում գտնվող ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար: Ռ.Մուրադյանը մետաղյա առարկայով հարվածել է խաչմերուկում տեղադրված լուսաֆորին՝ վնասելով այն, ապա հարվածել գովազդային վահանակին՝ կոտրելով այն։ Վ.Բարսեղյանը մի քանի այլ անձանց հետ փորձել է տեղահան անել խաչմերուկում տեղադրված լուսաֆորը, վնասել այն, պոկված ճանապարհային նշանով փորձել արգելափակել ճանապարհը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Զ.Բաղդատյանին, Ռ.Մուրադյանին և Վ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև նշված լուսանկարներում պատկերված անձինք։

Ովքեր ճանաչում են նրանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30