«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը Արարատի ոստիկանությունում են, որտեղ բերման են ենթարկել ցուցարարների, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին:
Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանության բաժնում կալանավորված 8 անձ կա եւ 5 անձ՝ ներառյալ տաքսի սերվիսի վարորդը, որը Գարիկ Սարգսյանի հետ է, մեքենայից չեն իջնում. «Ոստիկանությունն ասաց, որ խուլիգանություն է արվել՝ միջպետական ճանապարհ են փակել, իրականում տղաների հետ զրուցելուց պարզ դարձավ, որ մարդիկ ոչ մի միջպետական ճանապարհ չեն փակել, եւ եթե խուլիգանություն արել են, արել են սպիտակ BMW-ով ինչ-որ մարդիկ, որոնք ոստիկանների ներկայությամբ մետաղյա իրեր են շպրտել մեքենայի վրա՝ հրահրելով քաշքշուկ: Արդյունքում այս մարդկանց պահում են եւ որոշակի հոդվածներ են փորձում դնել, չեմ բացառում, որ նոր մարդիկ ներգրավեն, որովհետեւ Մարտի 1-ին տեսել եմ այդպիսի բան, ուղղակի գալիս, կեղծ ցուցմունքներ են տալիս, որ մարդկանց կալանավորելու հիմք լինի: Բարեբախտաբար, այդ ամենը տեսանկարահանված կա, տաքսու մեջ էլ տղաները նկարել են, հիմնավորելու, ապացուցելու խնդիր չունեն»:
Արամ Սարգսյանն ասաց, որ այս քայլով Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ եւ իսկապես կարող է միջպետական ճանապարհ փակվել՝ Երասխի, Սուրենավանի ճանապարհում: Նա ասաց, որ Գարիկի հայրը ազատամարտիկ է, ինքը գիտի, որ այս տղաները խուլիգաններ չեն, իրենց հայացքների համար պայքարող մարդիկ են:
Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին Վեդիում, Սուրենավանում, Երասխում մարդիկ ուզում են ճանապարհներ փակել, եթե մարդկանց թույլ չտան, որ գնան հանրահավաքին մասնակցեն, վաղը չի բացառվում, որ այնպիսի երթեր սկսվեն, ինչպիսին Էջմիածնում է սկսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ