Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պեդտեպ. Ոստիկանները հաճախ են գերազանցում իրենց լիազորությունները, ժամանակ առ ժամանակ` իրենց վերադասների ուղիղ հրահանգով, ու մնում անպատիժ

Ապրիլ 21,2018 15:55

Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը` երեկ հրապարակած ամենամյա զեկույցում:

Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ թեև վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը բարելավվել էր, սակայն, քվեարկությունը ուղեկցվել է լայնատարած ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդումներով:

«Ընտրակաշառքը, ըստ հաղորդումների հիմնականում տրվում էր իշխող Հանրապետականի տարածքային թեկնածուների ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից», – հայտարարում է Պետդեպարտամենտը` միաժամանակ ընդգծելով․ – «Իշխանությունները մեծամասամբ անտեսել են այս մասին հաղորդումները, և այս ամենը նպաստել է, որ հասարակությունը կորցնի հավատն ու վստահությունը ընտրությունների նկատմամբ»:

Հիշատակելով Իրազեկ քաղաքացիների միավորման աղմկահարույց հեռախոսազրույցները 114 դպրոցների տնօրենների հետ, որոնցում վերջիններս խոստովանել էին, որ ցուցակներ են պատրաստում իշխող Հանրապետականի համար՝ Պետդեպարտամենտը նշում է․ – «Քննչական մարմինները վստահելի հետաքննություն չանցկացրին վարչական ռեսուրսի չարաշահման մասին այս մեղադրանքների կապակցությամբ»:

Որպես օրինակ է բերվում նաև այսպես կոչված՝ «ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը», որտեղ Հանրապետական պատգամավորի եղբայրը կշտամբում, սպառնում է սուպերմարկետի աշխատակիցներին` պահանջելով ձայներ ապահովել իրենց թեկնածուի համար:

«Ընտրություններից հետո Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց, որը, սակայն, սեպտեմբերին փակեց առանց որևէ մեկին մեղադրանք առաջադրելու», – փաստում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Անդրադառնալով քաղաքական ուժերին` զեկույցի հեղինակները նշում են, որ օրենքը տեսանելի ձևով չի սահմանափակում քաղաքական կուսակցությունների գրանցումը կամ գործունեությունը, սակայն «իշխանությունները ճնշում են քաղաքական բազմակարծությունը այլ ձևերով»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելությունը, մասնավորապես, վերջին խորհրդարանական ընտրություններից հետո նշել է․ ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, թե իշխանությունները, հաճախ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, ճնշումներ են բանեցնում, որպեսզի ընդդիմախոսները չմասնակցեն հանրահավաքների: Բացի այդ, չեն դադարել բողոքները առ այն, որ իշխանությունը, վարչական և իրավական լծակներն օգտագործելով, այդ թվում ընդդիմադիրների ֆինանսավորողների դեմ ընտրողաբար հարկային հետաքննություն սկսելով, վանում է նրանց ընդդիմությանը գումար տրամադրելուց: Սրան զուգահեռ, հասարակական կազմակերպությունները պնդում են, որ գործող վարչակազմը չարաշահում է վարչական ռեսուրսը ընտրարշավի ընթացքում, այդ թվում՝ սպառնում է զրկել ընտանիքներին սոցիալական նպաստներից, ուսանողներին` կրթաթոշակներից՝ եթե հրաժարվեն աջակցել իշխող Հանրապետականին, կամ, ընտրակաշառքից բացի, առաջարկում են կոմունալ վճարների փոխհատուցում և այլ ծառայություններ:

Նշվում է նաև, որ իշխող կուսակցության հետ կապերը, ըստ հաղորդումների, օգնում են մարդկանց պահպանել ու է՛լ ավելի մեծ առաջընթացի հասնել հանրային ու մասնավոր ոլորտներում:

Պետդեպը միաժամանակ նշում է, որ Հայաստանի կառավարությունը միայն մակերեսային քննություն է իրականացնում պաշտոնյաների կողմից իրենց լիազորությունների չարաշահման շուրջ:

«Ոստիկանները հաճախ են գերազանցում իրենց լիազորությունները, ժամանակ առ ժամանակ` իրենց վերադասների ուղիղ հրահանգով, ու մնում անպատիժ», – նշում է զեկույցն ընդգծելով․ – «Մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 2008 թվականի հետընտրական բախումների ժամանակ արձանագրված տասը սպանությունների, կամ 2015 և 2016 թվականներին քաղաքացիներին ու լրագրողներին ծեծելու համար»:

«Ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահումը կասկածյալների ձերբակալության կամ հարցաքննության ժամանակ մնում է էական խնդիր», – նշում է Պետդեպարտամենտը՝ հավելելով․ – «Ըստ իրավապաշտպանների, տուժողները շատ դեպքերում չեն բարձրաձայնում ոստիկանության ապօրինությունների մասին՝ վախենալով հաշվեհարդարից, և ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ կասկածները հազվադեպ են հանգեցնում նրանց նկատմամբ քրեական պատասխանատվության»:

Զեկույցը նշում է, որ անցած տարվա հունիսին իրավապաշտպանները հաղորդեցին, որ ոստիկանության չորս աշխատակիցներ դատարանի սենյակներից մեկում ծեծի են ենթարկել «Սասնա ծռեր» զինված խմբի կալանավորված անդամներին: Հաղորդումներից հետո նախաքննություն սկսվեց, սակայն նույն ոստիկանները շարունակում էին հսկողությունը նույն դատաքննության ժամանակ:

Անդրադառնալով բանակին` Պետդեպը նշում է, որ ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերը, ըստ հաղորդումների, նվազել են, միաժամանակ իրավապաշտպանները նշել են, որ դրանք կասկածելի են, որոշ դեպքերում զոհված զինվորների հարազատները ևս ասել են, որ չեն վստահում պաշտոնական հետաքննությանը:

Զեկույցը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016-ին որոշում է կայացրել Հայաստանի կառավարության դեմ՝ փաստելով, որ իշխանությունները չեն պաշտպանել զինծառայող Սուրեն Մուրադյանի կյանքի իրավունքը: Արդյունքում Հայաստանի կառավարությունը Մուրադյանների ընտանիքին վճարել է վճռով նշված գումարը, սակայն, որևէ քայլ չի արել զինվորի մահվան համար մեղավորներին պատժելու համար:

«Զինվորների ընտանիքները պնդում են, որ բազմաթիվ զինվորական ստորաբաժանումներ ղեկավարում են կոռումպացված պաշտոնյաներ, լրատվամիջոցներում հաղորդումներ կան, որ կառավարությունը բանակ է զորակոչում զինվորների, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն»:

«Կալանավայրերում լուրջ խնդիր են մնում սանիտարական վատ պայմանները, անհամարժեք բժշկական օգնությունը, համակարգային կոռուպցիան և կալանավայրերի գերծբեռնվածությունը. որոշ դեպքերում ազատազրկման վայրի պայմանները դաժան են և վտանգավոր կյանքի համար», – փաստում է զեկույցը՝ ընդգծելով նաև, որ նախկին կալանավորներն ու իրավապաշտպանները հաղորդում են կաշառակերության ու կոռուպցիայի մասին: Բանտերի ղեկավարները, մասնավորապես, կամայականորեն զրկում են ազատազրկվածներին ընտանիքների հետ շփումներից, նրանց այցելություններից կամ ծանրոցներ ստանալու հնարավորությունից:

Փաստելով, որ հայաստանյան բանտերը գերբնակեցված են` Պետդեպարտամենտը միաժամանակ նշում է, որ իրավապահները շարունակում են լայնորեն կիրառել քաղաքացիներին, այդ թվում` ցույցերի մասնակիցներին ազատազրկելու մարտավարությունը, իսկ դատարանները հազվադեպ են մերժում ոստիկանության ներկայացրած միջնորդությունները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նոյեմբերի դրությամբ, բանտերում գտնվողների 35 տոկոսի դեպքում նախաքննությունը դեռ չէր ավարտվել, դատարանները բավարարել էին մինչև քննության ավարտը քաղաքացուն ազատազրկելու 2022 միջնորդությունների գրեթե 90 տոկոսը: Որոշ դիտորդներ վստահ են, որ ոստիկանությունը կալանավորումը գործիք է դարձնում` կասկածյալներից ցուցմունքներ կամ խոստովանություններ կորզելու համար:

Զեկույցի այս բաժնում հիշատակվում է «Սասնա ծռերին» սնունդ բերած Արթուր Սարգսյանը, որին Հայաստանի իշխանությունները ազատազրկել էին՝ չնայած առողջական լրջագույն խնդիրներին:

«Ըստ հաղորդումների, նա ազատ արձակվեց միայն, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցում ուղարկեց Հայաստանի կառավարությանը նրա առողջության վերաբերյալ», – փաստում է Պետդեպի զեկույցը՝ ընդգծելով, որ քրեական գործ հարուցվեց միայն Արթուր Սարգսյանին բուժող բժիշկների գործողությունները քննելու համար, մինչդեռ նրան ազատությունից զրկող քննիչների, դատավորների ու կալանավայրի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չիրականացվեց:

«Քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել դատարան` իրենց իրավունքները ոտնահարելու համար, սակայն դատարանները մեծամասամբ համարվում են կոռումպացված և կողմնակալ», – փաստում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը՝ մանրամասնելով․ – «Որոշ փաստաբաններ պնդում են, թե Վճռաբեկ դատարանն է թելադրում բոլոր աղմկահարույց գործերի ելքը: Քանի որ դատավորները չեն նշանակվում ցմահ, նրանք կախված են համակարգից, և կարող են պաշտոնակ արվել` չունենալով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր համոզմունք կա, որ դատավորները մեղադրական վճիռ են կայացնում դատախազության ուղարկված յուրաքանչյուր, այդ թվում` բացթողումներ ունեցող գործերով»:

Նշվում է նաև, որ ըստ իրավապաշտպանների, իշխանությունները խոչընդոտել են «Սասնա ծռերի» ու աղմկահարույց այլ գործերով անցնող փաստաբանների աշխատանքը, սպառնացել, բռնության ենթարկել ամբաստանյալներին ու դրանով իսկ ոտնահարել նրանց արդար դատաքննության իրավունքը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը նշել է, որ իշխանությունները փաստաբանների համար խոչընդոտներ են ստեղծում «Սասնա ծռերի» ու քաղաքական հնչեղություն ունեցող այլ գործերով իրենց պաշտպանյալներին հանդիպելու կամ ազատազրկման վայրում առանձնազրույց ունենալու հարցում: Որոշ փաստաբանների տևական ու մանրազնին ստուգման են ենթարկում դատական նիստերից առաջ:

Պետդեպարտամենտի զեկույցը փաստում է` տեղական իրավապաշտպանների գնահատականով․ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, սակայն այս գործերից մեծ մասի դեպքում մեղադրանք է առաջադրված նաև բռնություն գործադրելու վերաբերյալ:

«Մի շարք գործեր, որոնք, ըստ հաղորդումների, հարուցվել են քաղաքական շարժառիթներով, քննության են սպասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», – նշում է Պետդեպարտամենտի զեկույցը՝ հավելելով, որ Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հրապարակել, թե ինչ հիմքով են մեղադրանքներ ներկայացվել ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30