Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ. Մանվել Գրիգորյան

Ապրիլ 21,2018 15:10

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում վերջին տասնօրյակում ձեւավորված իրավիճակով:

Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, երկրապահը կարողացել է ժամանակին իր վրա վերցնել թուրք ազերու պարտադրած պատերազմն ու ե՛ւ կռվել է, ե՛ւ կանոնավոր, պետական բանակ ստեղծել: Երկրապահը պետականության ստեղծման ակունքներում է կանգնած եւ հետագայում էլ անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորող հիմնական գործոններից է եղել:

Երկրապահի հենքով ստեղծված հայկական կանոնավոր բանակը կարողացավ մեզ պատերազմ պարտադրած թուրքին հրադադար պարտադրել: Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր տարածքների ազատագրման համար մղված մարտերում բազում մարտական ընկերներ ենք կորցրել: Մեզ համար թանկ է նրանց արյունը, եւ մենք իրավունք չունենք կորցնելու այն արժեքները, այն ձեռքբերումները, որ նվաճվել են հազարավոր երկրապահների արյամբ, տասնյակ հազարավորների առողջության գնով:

Երկրապահը բազում անգամներ հայտարարել է եւ հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է եւ թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով:
Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է:

Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք եւ պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը:

Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, 
ԶՈՐԱՎԱՐ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պա՜հ, պա՜հ, պա՜հ, պա՜հ, պա՜հ: Էս ի՜նչ բառեր է օգտագործում՝ յենասիւն, խառնակ, հրահրել, անյապաղ, լիցքաթափուել, շիկացած:

    Դու որտե՞ղ ես սովորել նման բառեր: Դրանք աւագ դպրոցում են անցնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30