«Լույս» հիմնադրամն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։ «Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն ծրագրերն ու առաջարկները։
«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ և շրջանավարտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իրենց տեսակետը և ներկայացնելով իրենց անհանգստությունը, ինչը հանդիսանում է նրանց խոսքի ազատության դրսևորումը։
Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով։
«Հայաստանի Հանրապետության Երրորդ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին
Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է:
Դուք նաև գիտեք, որ մենք` ներքոստորագրյալներս, որպես Լույս հիմնադրամի կրթաթոշակառուներ բազմաթիվ առիթներ ենք ունեցել միմյանց հայտնելու Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ երազանքներ, տեսլականներ ու ծրագրեր: Այս հարցում մեր տեսակետները չեն տարբերվել առ այն, որ մենք և Դուք բազմիցս բարձրաձայնել ենք, Հայաստանի պայծառ ապագա կառուցելու մեր տրամադրվածությունն ու վճռականությունը և այդ հարցում բոլորիս ջանքերի համադրման կարևորությունը: Եվ այս ճանապարհին Դուք և մենք կրկին բարձրաձայնել և կարևորել ենք ժողովրդավարության և բազմավարության դերն ու նշանակությունը:
Սակայն այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները:
Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:
Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար»:
«Լույս» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն