Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխան իրավունք ունի հավաքի մասնակցել, բայց դասի ժամերին դպրոցում պետք է մնա». ՄԻՊ պաշտոնյա

Ապրիլ 21,2018 15:01

«Այս օրերին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անչափահասներից շատերն ասում են, որ պարզապես մայթով անցնելիս են եղել, երբ իրենց բերման են ենթարկել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը: Նա նշեց՝ դպրոցներից բողոքներ են ստանում, որ ցուցարարները մոտենում են դպրոցներին ու կոչ են անում միանալ իրենց. «Այդպես լարվածություն են առաջացնում դպրոցներում: Երեխաները եթե դպրոց են գնացել, այդ ընթացքում դպրոցի պաշտպանության ներքո են: Ուսուցչական անձնակազմը պարտավոր է այդ ընթացքում ապահովել նրանց անվտանգությունը»:

Էդուարդ Իսրայելյանի խոսքով՝ եթե երեխան առանց ուսուցիչներին տեղյակ պահելու դուրս է գալիս դպրոցից, չգիտեն՝ ի՞նչ վտանգների կարող է ենթարկվել. «Այդ ժամանակ էլ, դպրոցը, միեւնույնն է, պատասխանատու է երեխայի համար: Նա իրավունք ունի մասնակցել հավաքների, սակայն երբ երեխան առանց ծնողի է, նրա համար այդ ընթացքում ոչ ոք պատասխանատու չէ: Մեր կոչն այն է, որ դասի ժամերին դպրոցում մնան: Իսկ եթե ծնողներն ուզում են երեխաներին հավաքների տանել, այդ դեպքում երեխաների անվտանգության պատասխանատուն իրենք են»:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանն էլ նշեց՝ այս օրերին նկատել են մեքենաների բեռնախցիկներում նստած եւ մեքենաների պատուհաններից «կախված» երեխաների. «Անվտանգության տեսանկյունից սա մտահոգիչ է»: Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրություններով՝ որոշ ոստիկանական բաժիններում անչափահասներին հարցաքննել են առանց հոգեբանների եւ մանկավարժների ներկայության: «Դա չի բխում իրենց լիազորություններից, կոչ ենք անում զերծ մնալ նման գործողություններից»,-հորդորեց Աիդա Մուրադյանը ՀՀ ոստիկանությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30