Ապրիլի 21-ին, ժամը 12-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական`հայ-հունական բարեկամության զբոսայգուց մեկնարկեց խաղաղ ընդվզման երթ: Երթի մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ էին: Նրանց ձեռքին եռագույն դրոշներ էին, «Քայլ արա, մերժիր Սերժին» գրառումով պաստառ, երթի մասնակիցները վանկարկում էին այդ կարգախոսը:
Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող «ֆուռերի», Նոյեմբերյանի փողոցներով անցնող մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենաների ձայնային բարձր եւ երկար ազդանշաններով ողջունում էին ցուցարարներին: Նոյեմբերյան քաղաքի փողոցներով երթի ընթացքում դրա մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում էր:
Նոյեմբերյան քաղաքից հետո երթի մասնակիցները շարժվեցին Կողբ-Բերդավան-Զորական-Հաղթանակ երթուղով, նրանց ձայնային ազդանշանները միացրած ավտոմեքենաներ են ուղեկցում:
Հայտարարվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը փակելու մտադրության մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ