Հայաստանում տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնց հիմքում տասնամյակներով կուտակված անարդարությունների և բարքերի դեմ դժգոհության պոռթկումն է։ Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների կորիզը կազմում են ուսանողներն ու երիտասարդությունը, որոնք ձգտում են նոր մթնոլորտ ու նոր հասարակություն ձևավորել։
Այսօր աննախադեպ է ոգևորությունը՝ պայմանավորված ճահճացած վիճակը վերջապես հաղթահարելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ չափազանց մեծ է զգացմունքայնությունը, իսկ դա հղի է լարվածության նոր աստիճանի վտանգներով։
Մենք վստահ ենք, որ կա սառը, քաղաքական, հրապարակային և գրագետ լուծումների հնարավորություն, և պետք է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար։ Ժամանակ դեռ կա։
Խաղաղ հանգուցալուծման երկու հիմնական սկզբունքները.
ա. Բռնի ուժով իշխանության գրավման բացառում
բ. Ցուցարարների դեմ ուժի կիրառման բացառում
Բանակցությունները ենթադրում են հստակ մեխանիզմների կիրառում։ Պետք է արագ սկսել նախաձեռնել գրագետ բանակցությունների կազմակերպմանն ուղղված քայլեր։
Որպես սկիզբ երկու կողմից անհրաժեշտ է ձևավորել բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ։ Դրա համար.
Ա. Ցանկալի է, որպեսզի զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավորինս զսպվեն անձի արժանապատվությունը վիրավորող վանկարկումներն ու գործողությունները (մթնոլորտը լրացուցիչ չչարացնելու համար)։
Բ. Անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները րոպե առաջ դադարեցնեն քաղաքացիական հագուստով հրոսակների գործողությունները (սա ուղղակի կարող է հանգեցնել պոռթկման և հարյուր հազարներով մարդկանց բերել փողոց)։
Սա այն նվազագույնն է, որ կողմերը պարտավոր են անել լարվածությունը թուլացնելու և հետագա քայլերի հուզականությունը մեղմելու համար։
Իշխանությունն իր միջի զուսպ և ոչ օդիոզ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի (կամ պաշտոնյաների) հրապարակավ պետք է լիազորի՝ հանրահավաքների կազմակերպիչների հետ բանակցություններ սկսելու համար։
Եթե զանգվածային պրոցեսները հրապարակավ բնորոշվում են որպես «թավշյա», ուրեմն լուծումների օրակարգը ևս պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում՝ թավշյա, աստիճանական։
Կողմերը պետք է պատրաստ լինեն՝ քննարկելու և համաձայնության գալու հարցերի մեծ շրջանակի շուրջ, որոնք ներառելու են քաղաքական, հանրային և սոցիալական խնդիրներ։
Քաղաքական համաձայնության էությունը պետք է լինի.
1.Երկրի քաղաքական և հանրային կյանքի «ապաՀՀԿ-ացում»։ Դա պետք է լինի որոշումների, օրենքների և հրաժարականների միջոցով։ ՀՀԿ-ի «մենք ենք, և մեր դեմ խաղ չկա» փուլն այլևս ավարտված է։
2.Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ռեյտինգային համակարգի վերացում, ԿԸՀ ողջ կազմի հրաժարական, նոր կազմով ԿԸՀ ձևավորում, ընտրական հանձնաժողովների ձևավորման նոր մեխանիզմ, նոր դեմքեր, նոր տեխնոլոգիաներ։
3.Որոշակի փուլեր անցնելու հետո, նոր ընտրական համակարգով, նոր հանձնաժողովներով հանդարտ պայմաններում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։
Հանդարտ և կառուցողական բանակցությունների միջոցով երկարաժամկետ փոփոխությունների օրակարգ ձևավորելու և իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ անվստահությունը մեղմելու նպատակով.
1.Ապրիլի 24-ին կողմերը պարտավորվում են լինել բացառիկ զուսպ և զանգվածային գործողությունները սահմանափակել միայն հիշատակի տուրքի մատուցմամբ։
2.Բանակցությունների փուլում, ի հաստատումն ձեռք բերված պայմանավորվածությունների, քաղաքական համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել «Ելք» խմբակցությանը։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Գեղամ Նազարյան