Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար:
Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում:
Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան