Նոր Նորքի վարչական շրջանում շարունակվում է ընդդեմ վարչապետի եւ ՀՀԿ-ի հանդես եկող ցուցարարների երթը: Քիչ առաջ մի աղջիկ դիմեց երթի ընթացքը կարգավորող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Եկել ենք ասենք, որ մենք ձեզ սիրում ենք, գիտե՞ք պարոն Օսիպյան»:
Փոխոստիկանապետն այսպես արձագանքեց. «Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր ապագան՝ ուսումով զբաղվեք: Սիրով զբաղվելու ժամանակ էլ կունենաք»:
Ցուցարարները Նոր Նորքով շարժվում են ծաղիկները ձեռքներին եւ վանկարկում՝ «ոստիկան, միացիր»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ոստիկաններն իրենց եղբայրներն են, որ ներհայաստանյան մթնոլորտն արդեն մաքրվել է ատելությունից, մարդիկ սիրում ու հարգում են իրար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ