«Մեդիա կենտրոն», Երևան: Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այս գործը ապօրինի կերպով վերագրվում է Տիգրան Մազմանյանին:
«Բացակայում է որևէ հիմնավոր կասկած, որ Մազմանյանը նման գործողությունների է դիմել: Այս կալանավորումը հերթական քաղաքական հետապնդումն է քաղակտիվիստի նկատմամբ իր հայացքների համար»,-ասում է Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):
Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ներս էին խուժել Հանրային ռադիոյի շենք և ահա այս գործի շրջանակում է առաջադրվել մեղադրանք Տիգրան Մազմանյանին: Ապրիլի 20-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը ու երկու ամսով կալանավորել քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին։
«Ոստիկանի ցուցմունքները կեղծ են, իրականությանը չեն համապատասխանում, մենք դրա վերաբերյալ իրավական գործընթաց ենք իրականացնելու: Իսկ կալանավորման համար անհրաժեշտ են բավարար փաստեր, թե ինչու կիրառել խափանման միջոցը հենց կալանավորում, բայց դա էլ չներկայացվեց, զուտ հռչակագրային հռետորաբանություն էր: Կալանավորման վերաբերյալ դատական որոշումը անհիմն է»,-ասում է Մազմանյանի մյուս պաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Իրավապաշտպանները անդրադարձան նաև վերջին 8 օրերին Ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված հարյուրավոր անձանց իրավունքների խախտումներին:
«Ողջամտության սահմաններ չկա, գոյություն չունի: Հսկայական թվաքանակով մարդկանց են տանում, որոնց հետ չեն էլ հասցնում պատշաճ վարույթ իրականացնել, սահմանված ժամից երկար են պահում բաժիններում, կարող է 6-7 ժամ պահեն, տանում են մի հիմքով, սակայն արձանագրությունը կազմում են մեկ այլ հիմքով»,-ասում է Ռևազյանը:
Արա Ղարագյոզյանն էլ շեշտում է, որ այս օրերին ոչ թե անձանց բերման են ենթարկում, այլ առևանգում:
«Բաժիններում պատանդի կարգավիճակում են պահում անձանց: Քաղաքացիական հագուստով ոստիկանները ակնհայտ, կամերաների առաջ ծեծի են ենթարկում խաղաղ հավաքի մասնակիցներին, իսկ նրանց ավտոմեքենաները առանց համարանիշների են: Սա ակնհայտ ապօրինություն է, որը իրականացվում է խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Խոսք չի գնում այն մասին, թե քանի ցուցարարի են շտապ օգնության մեքենայով մարմական վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխել հիվանդանոցներ, սա մարդու իրավունքների տեսանկյունից հետընթաց է»,-ասում է Ղարագյոզյանը և հավելում, որ խախտումներ ու բռնություններ են եղել նաև փաստաբանների նկատմամբ՝ արգելելով տեսակցել բերման ենթարկվածներին և իրազեկել նրանց իրենց իրավունքների մասին:
Ռոբերտ Ռևազյանն էլ հավելում է, որ իրավախախտումների տեսանկյունից այս ցույցերը առանձնանում են նաև նրանով, որ բազմաթիվ անչափահասներ են բերման ենթարկվում Ոստիկանության բաժինններ:
Շարունակությունը դիտեք տեսագրությունում:
Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող: