Քիչ առաջ ոստիկանների և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի միջև միջադեպ տեղի ունեցավ Էրեբունիում: Ցուցարարները փորձում էին ավտոերթ իրականացնել Էրեբունի թաղամասում, բայց շուրջ կես ժամ նրանց մոտ դա չէր ստացվում, քանի որ ոստիկանները փողոցի մեջտեղում կանգնեցրել էին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի մեքենան և թույլ չէին տալիս, որպեսզի ցուցարարները իրականացնեն ավտոերթ: Դավիթ Սանասարյանը մի քանի րոպե բանակցելուց հետո վրդովված ասաց. «Ակտը գրեք, մենք շարունակենք»:
Քիչ անց Դավիթ Սանասարյանը ոստիկանության գնդապետին վրդովված ասաց, թե իր և իր ընկերոջ փաստաթղթերը ապօրինի կերպով վերցրել են, փաստորեն գողություն արել: Ավտոերթի մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել, վարորդներից մեկն էլ դժգոհեց, թե իր մեքենան տարել են տուգանային հրապարակ:
Ի վերջո, Դավիթ Սանասարյանի փաստաթղթերը վերադարձրին, նա կոչ արեց վարորդներին նստել մեքենաները և շարժվել: Ոստիկանությունը զգուշացրեց՝ այնպես իրականացնել ավտոերթը, որ այլոց իրավունքները չխոչընդոտեն: Դավիթ Սանասարյանն էլ հայտարարեց. «Նստում ենք մեքենաներն ու գնում, իսկ եթե խոչընդոտեն, մենք գիտենք՝ ինչ ենք անելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ