Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել և նախազգուշացնել, որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը

Ապրիլ 21,2018 12:12

2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:

Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին  չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին:

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հորդորել է հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:

Նշված գործողությունների արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ: Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը:

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքների ընթացքում կատարվել են ինչպես վարչական իրավախախտման, այնպես էլ հանցագործության ակնհայտ հատկանիշներ պարունակող բազմաթիվ գործողություններ:

Ուստի ստեղծված իրավիճակում ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել և նախազգուշացնել, որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանցագործությունների կանխմանը, հանրության առողջությանը և բարոյականությանը, այլոց հիմնական իրավունքներին և ազատություններին սպառնացող ցանկացած ապօրինի գործողություն, ելնելով իրավիճակից և իրավախախտման բնույթից, անհապաղ կանխվելու կամ խափանվելու է՝ համաչափ ցանկացած եղանակով, այդ թվում՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30