Կոմպոզիտոր, երաժիշտ Գիսանե Պալյանը, անդրադառնալով արդեն 9 օր շարունակ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում իրականացվող քաղաքացիական անհնազանդության երթերին, հանրահավաքներին, բողոքի ալիքներին, նշեց, որ սա ուղղակի շարժում չէ՝ կազմակերպված մի խումբ մարդկանց կողմից, այլ՝ համաժողովրդական շարժում․ «Ինչքա՞ն կարելի է ժողովրդի համբերության հետ խաղալ, չափ գոյություն ունի, հասկանում ենք, որ ինչ-որ բան դժվար է, պատերազմական վիճակ կա օդում կախված, տնտեսական ճգնաժամ է, տարբեր բաներ կարելի է պատճառ բերել, բայց ես վստահ եմ, որ ցանկության դեպքում գոնե մի քիչ հնարավոր է սովորական մարդկանց կյանքը թեթեւացնել։ Եթե բոլորը վատ ապրեն, ինչ-որ ձեւով կհասկանաս․ 90-ականների մութ տարիներին այդ կոնտրաստը համաչափ էր, բոլորն ուրիշ ձեւ էին դրան վերաբերվում, որովհետեւ հասկանում էին, որ ընդհանուր բոլորի վիճակն է այդպիսին՝ պատերազմական վիճակ է։ Հիմա, երբ տեսնում ես, որ շատ մեծ է այդ տարբերությունը հարուստների ու չքավորների միջեւ, ու պատճառաբանությունը, թե բյուջեում գումար չկա՝ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, ընդհանրպես ընդունելի չէ։
Ո՞ւր է գնում այդ բյուջեն, ինչո՞ւ չի լցվում, այդ հարկատուներն էլի իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց բարեկամները, որոնք պետք է օրենքով շարժվեն եւ նորմալ հարկեր վճարեն, որպեսզի բյուջեն լցվի։ Այսինքն՝ իրականում ամեն ինչ կարելի է անել։ Սա վերջին կաթիլն է, եւ ես ուրախ եմ, որ այս համաժողովրդական վիճակը ստեղծվեց, որովհետեւ մի քանի շարժումներից հետո, երբ հիասթափություն եղավ մարդկանց մոտ՝ ոչինչ չփոխվելու արդյունքում, մտավախություն կար, որ մարդիկ պասիվացել են ու ոչ մի բանի չեն արձագանքի, զարթոնք չի լինի։ Բայց հիմա տեսնում եմ դա՝ ի դեմս երիտասարդների, որը շատ է ուրախացնում ինձ։
Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ավելին՝ շատ բնական երեւույթ է տեղի ունենում, հաստատ՝ ժողովուրդը վատ է ապրում, դուք ինքներդ էլ դա գիտեք, դա նույնիսկ ասելու բան չէ։ Եթե ինչ-որ մեկը վերեւում չգիտի, թե հասարակ մարդը ոնց է ապրում, թող գնան իրենց դավթարները բացեն ու տեսնեն, թե մարդկանց ինչքան են աշխատավարձ վճարում։ Ո՞նց կարող են չիմանալ, պարտադիր չէ մարդկանց բնակարանների դռները թակել ու տեսնել, թե ոնց են ապրում, նայեք՝ ինչքան թոշակ ու աշխատավարձ եք տալիս։ 40 հազար դրամով մարդիկ ո՞նց ապրեն եւ ո՞նց կարող են չդժգոհել»։
Գիսանե Պալյանն ընդգծում է՝ մարդկանց չպետք է հասցնեին այս վիճակին․ «Ի՞նչ զիջումներ կարող են լինել, իրենք են ժողովրդի ծառաները, նրանք պիտի ծառայեն, որ ժողովուրդը լավ ապրի, բայց մենք ենք դարձել իրենց ծառաները։ Այստեղ օրենքի գերակայությունն է ամենակարեւորը, բայց օրենքն ընդհանրապես չի աշխատում մեր երկրում, որովհետեւ միայն հասարակ մարդկանց վրա է աշխատում։ Եթե օրենքով ապրեն բոլորը՝ հարկատուն հարկը վճարի, վերնախավն օրենքով ապրի, մենաշնորհներ չլինեն, միանգամից կուղղվի այս վիճակը։ Իսկ դրա համար ընդամենը պետք է, որ բոլորն օրենքով ապրեն, բայց ո՞նց, եթե իրենց վրա ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ դատարան։ Անկեղծ ասած՝ չգիտեմ հանգուցալուծումն ինչպես կլինի, չեմ կարող ասել, թե չեմ հավատում, որ բան կփոխվի, որովհետեւ ավելի շատ հավատում եմ։ Պարզապես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է լինի»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում