Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը սեփական հետաքննություն է որոշել անցկացնել՝ պարզելու համար երեկ իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը:
Հիշեցնենք, երեկ «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի ժամանակ, Նոր Նորքում ևս քաղաքացիները փակել էին փողոցը: Անհայտ անձինք հարձակվել էին ցուցարարների վրա: Տուժել էր նաեւ լրագրողը: Մի տղամարդ հարվածել էր լրագրողի գլխին՝ տեսնելով նրա տեսախցիկը, ապա մի կին էր հարձակվում լրագրողի վրա, քաշել նրա մազերը, պոկել պայուսակը: Միջադեպի ականատեսները պատմում են, որ այդ անձինք թաղապետարանի աշխատակիցներ են: Ուշագրավ է, որ այդ անձինք ոստիկանների հետ բավական ջերմ էին շփվում:
Aravot.am-ի հետ զրույցում Թեհմինե Ենոքյանն ասաց, որ, այսպես ասած, սեփական հետաքննությունն է որոշել իրականացնել՝ հասկանալու համար թե ովքեր էին այդ մարդիկ: Կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության մեկնաբանություններում քաղաքացիները անուններ են տալիս՝ Հարություն Հովսեփյան, գիժ Անժիկ եւ այլն:
Լրագրողը ոստիկանություն չի դիմի, քանի որ իր հրապարակման մեջ նշել է, որ այն կարող են ընդունել իբրեւ հաղորդում՝ հանցագործության մասին:
Բացի այդ, նաեւ դատախազությունն է հայտարարություն տարածել, որ այդ եւ անչափահասներին ծեծելու գործերով նյութեր են նախապատրաստվում: «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը, ինչպես նաև Այվազովսկու փողոցում անչափահաս ցուցարարներին քաղաքացիական հագուստով անձանց կողմից մահակով ծեծի ենթարկելու վերաբերյալ hrapарak.am-ի հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և միջադեպերի մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Մնացածը՝ ցույց կտա գործի ընթացքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ