Թե ինչպես են պատկերացնում երկխոսությունն ու հարթակի ձեւավորումը, ինչ ձեւաչափով ու լուծումներով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախկին սոցապնախարար Արսեն Համբարձումյանն ասաց․ «Որպես քաղաքական ուժ՝ մենք այն համոզումն ունենք, որ քաղաքական հարցերը պիտի քննարկվեն հստակ քաղաքական օրակարգի շրջանակներում։ Կարծում ենք, որ չկա հարցերի շրջանակ, որ հնարավոր չէ քննարկել։ Ամեն դեպքում, ճիգ ու ջանք պետք է թափել՝ քաղաքական օրակարգի շրջանակներում եւ քաղաքակիրթ ձեւով հարցերը քննարկելու համար»։
Համբարձումյանն ասաց նաեւ, որ, իրենց պատկերացմամբ՝ հարցերը պիտի քննարկվեն համախոհության սկզբունքով, եւ այդ քննարկմանը պետք է մասնակցի 6 քաղաքական ուժ՝ ԱԺ 3 ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ) եւ «Ելք» դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունները։ Թե ինչու հենց Արմեն Սարգսյանի հովանու ներքո, հատկապես, որ նա շատ թույլ լիազորություններ ունի, ՀՅԴ-ականն ասաց․ «Որովհետեւ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ պետության գլուխ է հանդիսանում եւ Սահմանադրության երաշխավոր: Եվ ես կարծում եմ՝ միայն լիազորությունների շրջանակը չպիտի նկատի ունենալ, պիտի նկատի ունենալ նաեւ հեղինակության ուժը, եւ տրամաբանական է, որ հանրապետության նախագահն այս հնարավոր եւ մեզ համար ցանկալի գործընթացի մեջ լուրջ դերակատարություն ստանձնելու փորձ կատարի»։
– Պարոն Համբարձումյան, երկխոսության արդյունքն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ զիջումների պիտի գնան կողմերը։ Ցուցարարները հստակ պահանջ ունեն՝ չեն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետ։
Հասկանալի է, որ ներկայացվող պահանջը շատ հստակ է ձեւակերպված, բայց կարծում եմ, որ վերջնագրերի տեսքով խոսել քաղաքականության մեջ, միշտ չէ, որ կարող է հանգեցնել լավ արդյունքների։ Ես կարծում եմ, որ առողջ բանականությամբ պիտի քննարկվեն հարցերը եւ բովանդակային տեսանկյունից։ Այսինքն՝ այն պատճառները, որոնց վերաբերյալ կա դժգոհություն, էդ պատճառները վերացնելու տեսանկյունից պարզ, անկեղծ, բաց խոսակցություն պիտի լինի։ Եվ էդ առումով մենք ունենք մեր հստակ պատկերացումները, թե ինչ քաղաքական օրակարգի շուրջ կարող են գնալ բանակցությունները։
– Բայց ցուցարարներն ասում են՝ այդ պատճառը Սերժ Սարգսյանն է, քանզի այդ խնդիրները նրա կառավարման 10 տարվա ընթացքում են առաջացել։ Դուք ի՞նչ եք մտածում՝ Սերժ Սարգսյանը պիտի ասի՝ ես մեկ օրում կանխում եմ արտագաղթն ու, ասենք, արդար դատական համակա՞րգ եմ ստեղծում։
Լավ, բայց եկեք անդրադառնանք, որ շատ հնարավոր տարբերակ է, որ ճիշտ մեխանիզմներ գտնենք, որպեսզի էդ ընդհանուր հայտարարը, որ մենք ենք պատկերացնում, հնարավոր լինի ճիշտ ձեւով ամրագրենք։ Օրինակ՝ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվելու է կառավարության գործունեության ծրագիր, եւ դրանում հստակ եւ ժամանակացույցով կարելի է ամրագրել բոլոր լուծումները։ Եվ այդ լուծումներն իրականություն չդառնալու պարագայում նոր Սահմանադրությունը շատ հստակ մեխանիզմներ է ամրագրում, որ կարելի է նույն կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում