Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկխոսության, այսպես ասած, գնացքը գնացել է, իշխանությունը արդեն պատկանում է ժողովրդին, և իրենք ՀՀԿ-ի հետ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը:
Մաքսիմալիստակա՞ն է Փաշինյանի այդ պայմանը կամ պահանջը, իռացիոնա՞լ, որ թելադրված է շարժման առաջ բերած ոգևորության ալիքի ազդեցությամբ, բայց ոչ իրավիճակի ամբողջական և մանրակրկիտ գնահատման, թե՞ ամեն ինչ իսկապես հաշվարկված է, և Սերժ Սարգսյանն իսկապես կանգնել է կա՛մ բռնության և ուժի միջոցով հանգուցալուծման փորձի, կա՛մ հրաժարականի միջոցով իրավիճակի լիցքաթափման անհրաժեշտության առաջ:
Մյուս կողմից, սակայն, Փաշինյանը, փաստորեն, չի դնում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց, այլ խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրության, և այս դեպքում ՀՀԿ-ն հազիվ թե կարողանա նման իրավիճակում ոչ միայն մեծամասնություն ապահովել, այլ նույնիսկ հայտնվել խորհրդարանում: Ըստ այդմ՝ խնդիրը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ ՀՀԿ-ում ներառված տարբեր թևերի դաշտում է, առնչվում է նրանց:
Այս տեսանկյունից առավել հրատապ է դառնում հարցը, որ տվել ենք այս օրերին և դիտարկել հնարավոր կոնֆիգուրացիաները, թե ինչքանով է ստեղծված իրավիճակում միատարր իշխանությունը՝ առնվազն իր մոտիվացիաներում: Մյուս կողմից՝ իշխանությանը թերագնահատելը թերևս կարող է լինել ամենավատ ծառայությունը, որ կմատուցվի հանրությանը:
Ըստ այդմ՝ պետք է մշտապես, ուղղակի աքսիոմատիկ կերպով միշտ պատրաստ լինել իշխանության հետ աշխատանքային հարաբերության, ոչ «ընկած իշխանություն» վերցնելուն կամ «գցած իշխանություն» վերցնելուն: Դա գուցե հնչեղ տերմինաբանություն է, սակայն իրականությունն այն է, որ իշխանությունը ցանկացած դեպքում աշխատանքի խնդիր է, և ակնհայտ է, որ այստեղ հարցն այն է, թե ով է ավելի լավ ու ավելի գրագետ աշխատելու՝ հանրությո՞ւնը, թե՞ գործող իշխանությունը: Դա էլ ենթադրում է օրակարգի և սցենարների բազմազանություն, ճկունություն:
Կասկած չկա, որ իշխանության պաշարում ներկայումս կան ամենատարբեր սցենարներ՝ ուժային հանգուցալուծումից մինչև արդյունավետ և առարկայական երկխոսություն, և գուցե նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարական՝ ծայրահեղ դեպքում թեկուզ: Այդ սցենարներն անկասկած պայմանավորված են ներիշխանական թևերի ներքին մոտիվացիաներով:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում