«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում և այլ քաղաքներում, քանի որ սիրտս ու միտքս ամբողջությամբ ձեզ հետ է: Մինչև հիմա չեմ կարողացել կարևոր պատճառներով: Հուսամ, որ մոտ ժամանակներս կկարողանամ»,-այսպես է դիմել այս օրերին ՀՀ-ում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող երիտասարդներին ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձով:
Անդրադառնալով իր՝ Երևան այցին և այդ մասին քննարկումներին՝ Թանկյանը նշել է. «Թվում է, թե Հայաստանում իմ ներկայության հարցը մեծ իրարանցում է առաջացրել։ Ներողություն եմ խնդրում դրա համար, թեև իսկապես ոչինչ չեմ կարող անել։ Փողոցի երիտասարդներն են միայն, որոնց ես վստահում եմ Հայաստանի ապագան, և միայն իմ կայքերից կարող եք հավաստի իմանալ իմ գործողությունների մասին»։
Տեսաուղերձով դիմելով երիտասարդներին՝ նա վստահեցնում է, որ այս շարժումը հենց երիտասարդներին է և այդպիսին էլ պետք է մնա. «Այս շարժումն ամբողջությամբ ձերն է եւ պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում»:
Սերժ Թանկյանը մի քանի խորհուրդներ է տալիս երիտասարդներին: Նախ նա հորդորում է հեռու մնալ գունավոր հեղափոխության տերմինաբանությունից, քանի որ այն սովորաբար կապվում է Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայության հետ: Սերժ Թանկյանը վստահեցնում է. «Ձեր պայքարը արդարության համար է, ոչ թե Արեւմուտքի կամ Արեւելքի»:
Մյուս խորհուրդը երիտասարդներին կապված է անձամբ Սերժ Սարգսյանի գործունեության հետ. «Իմ խորհուրդն է ձեզ պնդել, որպեսզի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ոչ միայն վարչապետի պաշտոնից, այլև ՀՀԿ նախագահի պաշտոնից»:
Նա կոչ է անում երիտասարդներին շարունակել խաղաղ անհնազանդությունը և լինել ճկուն, համառ, չտրվել սադրանքներին և ոստիկաններին շարունակել կոչել իրենց եղբայրներ:
Ամերիկահայ ռոք երգիչը նաև հիշում է Էլեկտրիկ Երևանը՝ նշելով, որ այն ժամանակ էլ էր ոգևորված:
Ամէն անգամ ի սրտէ հիանում եմ Սերժ Թանկեանի ու դերասան Հայկոյի քաղաքացիական հաստատուն ու վճռական կեցուածքով։
Ռոքը դառնում է այս ցոյցերում ազատ ու ըմբոստ երիտասարդների խորհրդանիշը։ «Քաղաքացու երգն»ն էլ էր շատ լաւը։
Յ.Գ. Եթէ Սերժ, ապա Թանկեան ?