ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը հետեւություններ է արել ապրիլյան պատերազմից, եւ Ադրբեջանին այլեւս մեծ քանակի զենք չեն վաճառելու: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում հարցին, թե այս խոստումները կկատարի՞ արդյոք Ռուսաստանը եւ մեր ռազմավարական գործընկերությունը վեր կդասի՞ բիզնես շահերից, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը պատասխանեց. «ՌԴ-ում կան մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, որոնք իրենց վարած քաղաքականության ենթատեքստում կարելի է համարել, որ ավելի հայանպաստ տեսակետներ են հայտնում եւ ըստ էության հասկանում են մեզ: Զատուլինն այդ մարդկանցից մեկն է:
Հավանաբար, ինքը շատ ուզում է, որ այդպես լինի, հոգու խորքում մեղադրում է ռուսական իշխանությանը՝ այդ զենքը վաճառելու համար, բայց քանի որ Ռուսաստանը կայսրություն է, որտեղ ցարն է որոշում ամեն ինչ, ցարին հակառակ գնացողին Նեմցովի ճակատագիրն է սպասվում: Հետեւաբար այն, ինչ Զատուլինն ասում է, նաեւ պիտի համարենք խիզախություն, Զատուլինին էլ պիտի համարենք բարեկամ»: Հիշեցնենք, որ Նեմցովին Մոսկվայի կենտրոնում սպանել էին 2015-ին:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
20.04.2018