Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնության քարի պտույտը

Ապրիլ 21,2018 16:00

Թերեւս, իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը: Սակայն ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած՝ Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապի տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց:

Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝ Ջավախքից, ամառային արձակուրդներին պապիս մոտ գնացած տղաս, վատ գիտեի ռուսաց լեզուն, այլ պարզապես կարոտում էի իմ ծննդավայր գյուղն ու իմ ընկերներին:

Կարոտում էի նաեւ մեր գյուղի ջրաղացների եռահարկ շարքը, որոնց կուռերի փրփրացող ջրերը ինձ մահ էին խոստանում ու կանչում անվերջ: Անապայում, սակայն, պապիս հրաշալի այգու մեջ ո՛չ առու կար, ո՛չ էլ ջրաղացը պտտող կենդանի ջուր: Կար ընդամենը մի ջրհոր, որից ես ամեն առավոտ, այգին ջրելու համար, դույլով ջուր էի քաշում ու վախենում էի ջրհորի խորքը նայել, չնայած մի գիշեր համարձակվեցի նայել ջրհորի խորքը ու տեսա լիալուսինը…

Մինչեւ հիմա էլ չգիտեմ, թե ինչու էի վախենում: Գուցե հիմա արդեն գիտեմ, բայց իմացածս թերեւս ընդամենը տրտում ենթադրություն է:
Եվ ես՝ գետակներ, լճեր եւ հոսող ջրեր տեսածս, զարմանում էի, որ ջրհորը ոչ մի կերպ չէր դատարկվում, ինչքան էլ ես ջուր քաշեի:

Տարօրինակ երկիր էր այդ Ռուսաստանը:

Հիմա, ես՝ ոչ միայն արեւելյան եւ արեւմտյան իմաստուններից սովորածս, գիտեմ նաեւ, որ ցանկացած դատարկ տեղ ուրիշի միտքը, խոսքը եւ չկայացած ճակատագիրը գալիս լցնում է, ինչպես անվերջ շարժվող հողը լցնում է իրենով, երբ մենք քնած ենք լինում:
Եվ ցանկացած անիմաց մարդու մտքի դատարկությունը կլցնեն ուրիշները՝ իրենց դիտական կամ շահադիտական նպատակներով, ինչը մենք տեսնում ենք մեր ապրած օրերի միջեւ, երբ մարդուն, թվացյալ հաց խոստանալով, հանում են ոտքի, եւ ոտքի ելնողը չի էլ ենթադրում, որ ինքը իր դեմ է կռվում, չնայած հացի տերն ու հացի զավակն ինքն է:
Եվ չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե խարիզմա բառը հայերենով բացատրվում է խար՝ սրտի վրա, հոգու վրա խարանված:

Այնինչ իմ չհասած երազանքի Էկզյուպերի գրողն ու օդաչուն ասում էր՝ թերեւս, սիրել իրար չի նշանակում նայել իրար ու պատեհապաշտ խոստումներ տալ, այլ սիրել իրար նշանակում է նայել մեկ ուղղությամբ: Ուղղություն, որ խարանված է ցանկացած ցեղի էությանը:

Իսկ ուղղությունն այդ ունի օրինակ. մեզանից հեռու զարմանալիորեն չդատարկվող պապիս ջրհորը եւ գետակները մեր, որ պտտեցնում են ինքնության քարը մեր՝ ազգիս քսանհինգ հազարամյա ջրաղացների, եւ հեռանալով մեզանից դեպի պատմություն մեզ են թողնում իրենց ճանաչած հարդագողի ճանապարհը՝ հորդորելով, որ մենք էլ ճանաչենք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30