Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական որոշ լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Հայաստանում ռուսական դրոշներ են այրում»

Ապրիլ 21,2018 15:00

Արեւմտյան եւ եվրոպական մամուլում երեւանյան ցույցերի մասին հիմնականում փաստեր են, ռուսական եւ թուրքական մամուլում՝ եզրակացություններ ու հետեւություններ:

Միջազգային մամուլն այս օրերին լայնորեն լուսաբանում է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կազմակերպած բողոքի ցույցերը:

Արեւմտյան եւ եվրոպական մամուլը հիմնականում ներկայացնում է փաստեր՝ զերծ մնալով մեկնաբանություններից եւ եզրահանգումներից: Իսկ ռուսական եւ թուրքական մամուլը, ընդհակառակը, հիմնականում ավելի մեծ շեշտադրում է կատարում եզրահանգումների եւ քաղաքական տարրերով համեմված լուսաբանումների վրա:
«Առավոտը» Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ թուրքական մամուլում նյութերի վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում. առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին:

Պարոն Նավասարդյանը նշեց, թե չի կարծում, որ թուրքական մամուլն ինչ-որ հատուկ տեղեկատվական աղբյուրների վրա է հղում կատարում, այլ ընդհանուր միջազգային լրահոսից է օգտվում: Այս հարցում, ըստ պարոն Նավասարդյանի, դերակատարություն ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բնույթը. «Այդ պատճառով ցանկանում են ամեն ինչ ներկայացնել հնարավորինս մութ կողմերով եւ ոչ լավատեսորեն: Սա կարելի է հասկանալ. ամեն դեպքում Թուրքիայի իշխանությունները, որոնք արդեն մի քանի տարի է՝ խորացնում են իրենց վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա, ցանկանում են ՀՀ-ն ներկայացնել որպես անհաջող զարգացման փուլում գտնվող երկիր: Այդ միտումն ակնհայտ է»:

Թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում այս օրերին հաճախ կարելի է հանդիպել տեղեկություններ, թե ըստ իրենց աղբյուրի՝ վարչապետ Սարգսյանը «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը» կամ «ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը»: Այս առիթով պարոն Նավասարդյանն ասաց. «Դա, կարծում եմ, այո, ընդհանուր իրենց լուսաբանման միտումին համապատասխանում է՝ ցույց տալ այն, ինչ տեղի է ունեցել մինչեւ բողոքները, դրանց ընթացքում, եւ որ հետագայում հիմնականում բացասական զարգացում է եղել: Նաեւ ինչ-որ տեղ տրամաբանություն կարելի է տեսնել այդ լուսաբանման մեջ: Ինչքան այդ բողոքի ակցիաները երկարում են, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ժողովրդի հետ խնդիր ունեցող իշխանությունների համար լուծումն ուժային է»:

Հարցին՝ որքանո՞վ են հավասարակշռված ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները, մանավանդ, որ որոշ հրապարակումներ Երեւանում կայացող ցույցերը համեմատում են մայդանի հետ, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ռուսական ԶԼՄ-ների լուսաբանման ամենատարօրինակ հանգամանքն այն է՝ լինելով երկիր, որն ունի բավականին մտերիմ հարաբերություններ Հայաստանի հետ, որի հետ ԽՍՀՄ-ի մեջ միասին էինք, ե՛ւ լրագրողները, ե՛ւ Ռուսաստանի հանրությունը շատ վատ է տեղեկացված, թե այստեղ ինչ է կատարվում: Շատ տեղեկատվության աղբյուրներ, որ նրանք օգտագործում են, նույնպես լավ տեղյակ չեն ու իրազեկում ապահովելու համար բոլորովին վստահելի աղբյուրներ համարվել չեն կարող»: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ռուսական ԶԼՄ-ներում կա քաղաքական շահագրգռվածություն Հայաստանում ցանկացած բողոքի դրսեւորում դիտարկել որպես օտար ուժերի միջամտություն. «Տեսնում ենք հրապարակումներ, որտեղ ակնարկ է արվում, որ առաջին հերթին ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները ԱՄՆ շահերից են բխում, նրանք ֆինանսական եւ այլ աջակցություն են ցուցաբերում, նաեւ փորձում են որպես փաստարկ բերել այն հանգամանքը, որ հայկական Սփյուռքի, այդ թվում նաեւ ԱՄՆ-ից, աջակցություն են ցուցաբերում այս ցույցերին: Թեեւ բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական Սփյուռքի եւ ԱՄՆ կառավարության մոտեցումների միջեւ բացարձակապես պարտադիր չէ, որ լինեն նույն շահերն ու կարծիքը: Դա այդպես է ներկայացվում: Կարող ենք հանդիպել ակնհայտորեն ապատեղեկացնող լուրերի, թե այս ցույցերի ընթացքում հակառուսական տրամադրություններ են, այրել են ռուսական դրոշը եւ այլն, ինչն արվում էր նաեւ 2015-2016-ին»:

Երեւանյան ցույցերին ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում անդրադարձել է «Խաղալիք հեղափոխություն Երեւանում» վերնագրի ներքո եւ բողոքի ցույցերը որակել որպես ցուցադրական շոու՝ առանց գաղափարի: Ըստ պարոն Նավասարդյանի՝ նման տպավորության պատճառ կարող է լինել նաեւ այն, որ շատ կողմնակի անձանց համար ցույցերի՝ Հայաստանում ընդունված մշակույթը հեռու է այլ երկրների փորձից. «Շատ այլ երկրներում ցույցերն ատելության, ագրեսիվության տարր են պարունակում, ավելի շատ բախումներ են տեղի ունենում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, քան Հայաստանում, որտեղ ոստիկաններն ու ցուցարարները հիմնականում միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեն: Այդ մթնոլորտն է տարօրինակ թվում այլ երկրների քաղաքացիներին, նույնը կարելի է Լապշինի մասին ասել: Հետեւաբար չեմ կարծում, որ նա հատուկ խեղաթյուրում է պատկերը, նաեւ կարող եմ հասկանալ, թե ինչից նման տպավորություն կարող է իր մեջ ձեւավորվել»:

Այն, որ արեւմտյան եւ եվրոպական լրատվամիջոցները հիմնականում փաստերն են ներկայացնում, սա պարոն Նավասարդյանը պատճառաբանում է նրանով, որ եվրոպական, արեւմտյան ԶԼՄ-ներում կան հստակ կանոններ՝ ինչպես լուսաբանել տարբեր իրադարձություններ, այդ թվում նաեւ այլ երկրներում բողոքի ակցիաներ. «Այդ երկրների ԶԼՄ-ները ցանկանում են ոչ թե քաղաքական խաղերին մասնակցություն ունենալ, այլ զբաղվել զուտ պրոֆեսիոնալ գործունեությամբ: Գուցե նրանց նյութերի ծավալը զիջում է ռուսական մամուլում տեղ գտածներին, բայց փաստերն ու իրադարձությունները ռուսական հրապարակումներում շատ սահմանափակ ծավալով են ներկայացվում, իսկ հեղինակների եզրակացությունները, որոնք քիչ հիմքեր ունեն, նյութերում գերակշռություն են: Դա լրատվամիջոցի գործունեության սկզբունքների տարբերության մասին է խոսում Եվրոպայում եւ Ռուսաստանում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

20.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30