Ոստիկանության բաժնում բողոքաբեր կնոջը 3 ժամից ավելի ազատազրկել են
Վարչական դատարանում ՀՀ ոստիկանությունը ըստ էության հաղթել է բողոքի ակցիային մասնակցած Արարատի մարզի բնակիչ Ամալյա Առաքելյանին եւ նա, ըստ դատարանի որոշման, հիսուն հազար դրամի տուգանքի է ենթարկվել:
Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը բողոքարկել է որոշումը եւ երեկ դատական նիստն էր նշանակվել:
Ոստիկանությունը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանից ստացվել է գրություն, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մ. Սարգսյանի եւ Մ. Ավագյանի կողմից 11.09.2015թ. ժամը 18։00-23։00-ն Ազատության հրապարակում անցկացվելու է հավաք, ժամը 19։00-ից Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ՝ չխոչընդոտելով երթեւեկության բնականոն ընթացքը։ Հավաքի մասնակիցները, ոստիկանության տեղեկացմամբ, խախտել են նախապես հայտարարված երթուղին, շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա եւ «վթարային իրադրություն ստեղծել»։ Ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով եւ նաեւ իր պաշտոնական կայքէջում տեղադրել է հայտարարություն, համաձայն որի՝ հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները, խախտելով նշված երթուղին եւ առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով տրանսպորտային երթեւեկությունը։
ՀՀ ոստիկանությունը 2015թ. սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում, դիմել էր հավաքի կազմակերպիչներին՝ պահանջելով կես ժամվա ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ «այլ կերպ հնարավոր չէր կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։ ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում կամ այն տեղափոխել Ազատության հրապարակ: Ի դեպ, Երեւանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ լեյտենանտ Ա. Աբրահամյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Արա Ղարագյոզյանը հակընդդեմ հայցում հայտնել է, որ. «Ամալյան փորձել է իր կարծիքն ու բողոքն արտահայտել, խաղաղ ցույց իրականացնել, սակայն ոստիկանները, առանց ներկայացնելու որեւէ իրավական հիմք, արգելել են նրան իրականացնել իր մտադրությունը եւ շուրջ 3 ժամից ավելի ազատազրկել են»։ Իրավապաշտպանը վարչական դատարանից պահանջել է մերժել ոստիկանության հայցը, վիճարկելով վարչարարության իրավաչափությունը, իսկ դրա ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հակընդդեմ հայցվորի կրած վնասների փոխհատուցման վարույթ կնախաձեռնի։
Ըստ «վարչախախտի», այդ հավաքի նպատակն է եղել կասեցնել հոսանքի ապօրինի թանկացման որոշումը, վերանայել եւ իջեցնել հոսանքի սակագինը եւ պատժել հունիսի 23-ին խաղաղ հավաքի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին։
Իրավապաշտպանի տեղեկացմամբ, բերման ենթարկելու ընթացքում իր վստահորդը եղել է մայթին կանգնած, սակայն Ամալյային ոստիկանություն տանելու նպատակով ավտոմեքենան նստեցնելիս կիրառել են ոչ համաչափ ուժ, ուժի գործադրմամբ տեղավորել են ավտոմեքենայի մեջ եւ տարել են Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Ուշադություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ նշված բաժանմունք տեղափոխելիս ոստիկանները չեն ներկայացել, չեն հայտնել իրենց պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, Ամալյային չեն ներկայացրել ազատությունից զրկելու իրավական հիմքը։
Նշենք նաեւ, որ հակընդդեմ հայցվորը տեղեկացրել է, որ ոստիկանությունում որեւէ փաստաթուղթ Ա. Առաքելյանին չի հանձնվել։
«Ոստիկանների կողմից տեղի է ունեցել միջամտություն Ա. Առաքելյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքներին։ Եթե միջամտությունը եղել է օրենքով նախատեսված, ապա հետապնդե՞լ է, արդյոք, իրավաչափ նպատակ, եւ եթե եղել է օրենքով նախատեսված ու հետապնդել է իրավաչափ նպատակ, ապա եղե՞լ է, արդյոք, անհրաժեշտ ժողովրդավարական հասարակարգում այդ նպատակներին հասնելու համար»,-ասել է Ա.Ղարագյոզյանը։
«Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով» (15.11.2007թ.) վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր. «Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն պատժվել է սոսկ խնդրո առարկա հանրահավաքին ներկա գտնվելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար, այլ ոչ թե դրա ընթացքում որեւէ հակաօրինական, բռնի կամ անպարկեշտ գործողություն կատարելու համար։ Այս առնչությամբ, դատարանը գտնում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի էությանը վնաս կհասցվի, եթե պետությունը չարգելելով հանրահավաքը, այնուամենայնիվ, պատժամիջոցներ կիրառի, հատկապես նման խիստ պատժամիջոցներ, դրա մասնակիցների նկատմամբ՝ սոսկ հանրահավաքին գալու համար, երբ չի կատարվել որեւէ դատապարտելի արարք, ինչպես տեղի է ունեցել դիմումատուի գործում։ Հետեւաբար, միջամտությունը դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքին չի հանդիսացել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
20.04.2018