Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եզդիների նոր տարին՝ Ակնալճի սրբատեղիում

Ապրիլ 21,2018 12:30

Այստեղ կառուցվում է Տաուսե Մալակի տաճարը

Արդեն ավանդույթ է դարձել եւ ամեն տարի ապրիլի 3-րդ շաբաթվա չորեքշաբթի օրը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող սրբատեղիում նշվում է եզդիական նոր տարին՝ «Չարսեմա սերե սալեն», որը թարգմանաբար նշանակում է «Տարեգլխի չորեքշաբթի»։

Այս առիթով այստեղ հավաքված հազարավոր հավատացյալների դիմեցին եզդի հոգեւորականները՝ իրենց աղոթքներով ու բարեմաղթանքներով։ Իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Նարինե Գուլյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունն ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։ Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի»։

Ելույթներ ունեցան ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչները, ովքեր ջերմ բարեմաղթանքներ հղեցին իրենց հայրենակիցներին, ներկաներին։

Օրվա բոլոր բանախոսները եզդի ժողովրդի վերջին տարիների կարեւոր ձեռքբերումներից համարեցին այստեղ կառուցվող Տաուսե Մալակի տաճարը: Նրանք իրենց երախտագիտությունն ուղղեցին հանդիսությանը ներկա բարերար Միրզա Սլոյանին։ Նա մեր թղթակցի հետ ունեցած զրույցում ասաց, որ ամեն տարի սրբատեղին զարգանում է, նոր տեսք ստանում։ Տարեվերջին պատրաստ կլինի իրենց երազանքի տաճարը, իսկ հաջորդ տարի եզդի ժողովուրդն այս կարեւոր տոնը կարող է նշել արդեն նորակառույց տաճարում։
«Ավելի քան վստահ եմ, որ այս տարի՝ սեպտեմբերի 29-ին, սրբատեղիի 6-րդ տարեդարձի օրը տաճարը կառուցված կլինի եւ տեղի կունենա օծումը,- ասում է Միրզա Սլոյանը,- ամբողջ սրբատեղին կդառնա կրթամշակութային մի համալիր՝ երկու տաճարներով, հուշարձանային համալիրով, կրթական եւ մշակութային հատվածներով, փոքրիկ պուրակներով ու ճեմուղիներով։ Մենք այս համալիրը պատկերացնում ենք նաեւ որպես հանգստի վայր, երբ այստեղ եկած հավատացյալը կամ այցելուն կարողանա մի փոքր դադար առնել, ինչո՞ւ չէ, ծանոթանալ նաեւ եզդի ժողովրդի պատմությանը։ Այդ հնարավորությունը կընձեռի ստեղծվելիք թանգարանը»։

Այստեղ քիչ չեն եզդիական սփյուռքից եկածները։ Մասնավորապես, գործարար Թելման Ֆերոյանը (Իվանովո քաղաքից) ասում է, որ իրենց սրբատեղին պետք է դառնա ազգային տոնակատարությունների եւ ծիսակարգերի անցկացման վայր, ուր հնարավոր կլինի նորովի իմաստավորել այդ ամենի բովանդակությունը։

Իրենց եզդի բարեկամների տոնը շնորհավորելու էին եկել նաեւ մեծ թվով հայեր։ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ շատ կարեւոր է այս պահերին լինել բարեկամների կողքին եւ ուրախանալ նրանց հաջողություններով։
«Մեկ տարվա ընթացքում այստեղ շատ բան է փոխվել,- ասում է Սերգո Երիցյանը։- Ամենակարեւորը, ծնունդ է առնում իր նմանը չունեցող եզակի մի տաճար, որն իր մեջ ներ է առնում եւ՛ եզդիական, եւ՛ հայկական ճարտարապետության տարրեր։ Այն ոչ միայն հավատի, այլեւ մեր երկու ժողովուրդների բարեկամության տաճար է դառնալու»։
Ակնալճի սրբատեղիում մինչեւ ուշ երեկո շարունակվում էր այցելուների հոսքը, իսկ հատուկ պատրաստված հարթակում հնչում էր ազգային եւ հայկական երաժշտություն։
Նախորդ օրվա երեկոյան եզդի երիտասարդները նոր տարին դիմավորել էին հազարավոր մոմավառությամբ։

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30