Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար

Ապրիլ 21,2018 13:30

Համերգները բարեգործական էին, հասույթը կուղղվի
Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի երեխաների կարիքներին:

Շուրջ տասը տարի գործունեություն ծավալած «Աստղիկներ» մանկապատանեկան վոկալ անսամբլի ելույթներ (հիմնադիր՝ Լիլիթ Դանիելյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսան Հարությունյան) Երեւանի եւ հայաստանյան մարզերից «տեղափոխվել» են ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, օրերս էլ անսամբլը վերադարձել է Ֆրանսիա կատարած համերգային ուղեւորությունից:
«Առավոտի» հետ զրույցում Լիլիթ Դանիելյանը նշեց, որ հյուրընկալվել էին Ֆրանսիայի Բրետան շրջանի Տադենի քաղաքապետարանի հրավերով, հետո էլ մանրամասնեց. «Մեր շրջագայության գաղափարը Մենար ընտանիքինն է, որն ի դեմս այդ ընտանիքի ամուսինների՝ շուրջ տասը տարի է՝ աջակցում են սահմանամերձ Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի երեխաներին, ավելին՝ տեր եւ տիկին Մենարները այս գյուղի տասը երեխաների կնքահայրն ու կնքամայրն են»:

Ընդունելություն Տադենի քաղաքապետարանում:

Անդրադառնալով կայացած համերգներին, մեր զրուցակիցը հայտնեց, որ դրանք ունեցել են բարեգործական նպատակ եւ կրել են «Հայ երեխաները երգում են հայ երեխաների համար» խորագիրը: Ասաց նաեւ, որ ողջ հասույթը Մենար ընտանիքի եւ «Աստղիկների» կողմից ուղղվելու է դարձյալ Ծովակ գյուղի երեխաներին: Գալիք ուսումնական տարում գյուղի առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն ապահովված լինելով անհրաժեշտ իրերով ու պարագաներով: Ներկայացնելով Ֆրանսիայում ունեցած համերգները, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին բաժնում հնչել են Կոմիտասից մինչեւ հոգեւոր, ժողովրդական ու հայրենասիրական երգեր, իսկ երկրորդ բաժնում փորձել են կամրջել հայկական ու ֆրանսիական ժամանակակից հեղինակների սիրված երգերը, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» եւ Իվ Մոնտանի «Փարիզը երկնքի տակ» երգերը, եւ այլն: Երկրորդ բաժնում «Աստղիկներին» միացել է տեր եւ տիկին Մենարների դուստրը՝ ճանաչված երգչուհի Անա- Լորը: Յուրաքանչյուր երեկո սկսվել է Կոմիտասի «Հայր մեր»-ով, ավարտվել Ազնավուր-Կարվարենցի «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությամբ: Զրույցի ընթացքում Լիլիթ Դանիելյանն ասաց նաեւ, որ «Աստղիկներին» ընդունել է Տադենի քաղաքապետ Էվլին Տորոնը, որի ողջույնի խոսքը հենց հաջորդ օրը ամբողջությամբ տեղ է գտել ֆրանսիական որոշ պարբերականներում:

Անա-Լոր Մենարը՝ «Աստղիկների» հետ:

«Տիկին Տորոնը խնդրեց մեզ իր շնորհակալական խոսքը գրության տեսքով հանձնել Երեւանի քաղաքապետին եւ մշակույթի նախարարին»,- հավելեց նա: Հետաքրքրությանը՝ երբեւէ հնարավորություն կունենա՞նք Երեւանում ունկնդրելու Անա-Լոր Մենարին, տիկին Դանիելյանը հավաստիացրեց, որ մինչ Ֆրանսիա կատարած ուղեւորությունը, որ կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Արմեն Ամիրյանը ցանկություն է հայտնել ֆրանկոֆոնիական միջոցառումների շրջանակում Երեւանում եւ մարզերում անցկացվող նախագծերին հանդիպել նաեւ «Աստղիկներ» անսամբլին եւ երգչուհի Անա-Լոր Մենարին:


«Աստղիկները» ժամանակին Երեւանում եւ մարզերում ելույթներ են ունեցել ճանաչված մի շարք երաժիշտների հետ, այդ թվում՝ Ռուբեն Հախվերդյանի, Մարթեն Յորգանցի, իսկ Լիլիթ Դանիելյանի երաժշտությամբ, Արա Ասատուրյանի ռեժիսուրայով՝ կամերային երաժշտական թատրոնում բեմադրվել է խորեոգրաֆիկ ներկայացում՝ ըստ Նահապետ Քուչակի հայրենների: Ի դեպ, Լիլիթ Դանիելյանը հանդես է եկել նաեւ անհատական գեղանկարչական ցուցահանդեսներով Հայաստանում եւ Ֆրանսիայում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Լիլիթ Դանիելյանը՝ «Աստղիկների» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30