«Նորք Մարաշից Սարալանջ տանող ճանապարհն այսօր ցուցարարների կողմից փակվել է: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքից դուրս են եկել մարդիկ՝ «թաղապետարանի» աշխատակիցներ, եւ հարձակվել բողոքի ցույց անող քաղաքացիների վրա: Ուրեմն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է՝ ուզում ես այլեւս տանից չկարողանա՞ս դուրս գալ»,-վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների այսօրվա հանրահավաքում հայտարարեց նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ապա` նա նորից դիմեց քաղաքապետին. «Զգուշացնում եմ, Տարո՜ն, թափթփուկներիդ հավաքի, թե չէ մի ամիս տանից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»: Պատգամավորը շեշտեց, որ ուժային լուծումները չեն տեղավորվում իրենց շարժման տրամաբանության մեջ, իրենք ոչ բռնի՝ խաղաղ են գործում:
Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեպի Փարաքար տանող ճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ ճանապարհ են փակել եւ իրենց շարժման հաղթանակն են տոնում, զուգահեռ՝ մեծաթիվ ոստիկանական ուժեր են տարվում դեպքի վայր. «Վլադիմիր Գասպարյանին եմ դիմում՝ Սերժ Սարգսյանին դուր չի՞ գալիս, որ մարդիկ ուրախանում են ու քեֆ անում…Առավոտից իրիկուն լացուկոծ պետք է անե՞ն, որ ձեզ դուր գա: ՀՀ-ն այսուհետ առավոտից իրիկուն քեֆ է անելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ